Հայաստանը կանգնած է համաժողովրդական ապստամբության շեմին` ընդդեմ իշխող համակարգի, այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է «Ղարաբաղ կոմիտեի» անդամ Աշոտ Մանուչարյանը:
Նա չի բացառել, որ մարդիկ կփորձեն անձնավորել այդ ապստամբությունը, վերագրել ինչ-որ քաղաքական ուժի, սակայն իրականությունն այլ է. «Այս կյանքն ավարտված է Հայաստանի համար, գոնե հայ ժողովրդի համար ամբողջությամբ մերժված է: Ապստամբությունը հա հասունանում էր, բայց հասունանում էր այլևայլ գործընթացներով: Գործընթացներից մեկը երկխոսությունն էր, որը կարող էր ոչ թե ապստամբության ուղիով տաներ այդ փոփոխությունների շրջանը, այլ գային ինչ-ինչ համաձայնությունների` ժողովրդի համար ընդունելի, ներկայացնեին ժողովրդին և անցնեին այս մի հանգրվանից մյուս հանգրվանին, բայց դա, պարզվեց, անհնարին է»:
Ըստ Մանուչարյանի` երկխոսությունն ավարտված է, իսկ Կոնգրեսը ոչ ժամանակ ունի, ոչ էլ հնարավորություն ինչ-որ այլ քայլեր կատարելու:
«Նա կամ պետք է առաջնորդի այդ ապստամբությունը, այսինքն` ժողովրդի ընդվզումն այս համակարգի դեմ, կամ նա վերանում է քաղաքական ասպարեզից: Պարզ է, որ Կոնգրեսը ընտրելու է առաջին ճանապարհը»,- ասել է Մանուչարյանը: