Home / Հայաստան / Կոնգրես-իշխանություն երկխոսությունը կշարունակվի, համոզված են կողմերը

Կոնգրես-իշխանություն երկխոսությունը կշարունակվի, համոզված են կողմերը

Ընդդիմություն-իշխանություն երկխոսությունը կշարունակվի, քանի որ, ըստ Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչ Գուրգեն Եղյազարյանի, դա պետք է իշխանությանը, իսկ ըստ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Լեռնիկ Ալեքսանյանի` ՀԱԿ-ին, հանրությանը և իշխանությանը:

«Ես գտնում եմ, որ երկխոսությունը կլինի, և էդ երկխոսությունը կլինի ոչ թե նրա համար, որ իշխանությունները շատ բարի են, շատ ժողովրդավար են: Երկխոսությունը կլինի շատ պարզ պատճառով. արդեն հասկանալի է, որ նրանք ոչ հնարավորություն ունեն, ոչ բարի կամք երկիրը այս վիճակից հանելու համար: Օր օրի մենք ավելի վատ ենք ապրում, քան երեկ, շաքարի թանկացմանը հետևելու են այլ թանկացումներ: Եթե իշխանությանը անհրաժեշտ չլիներ, նրանք իրենց կպահեին այնպես, ինչպես սրանից առաջ: Ընդդիմությունը դեռ ուլտիմատում չի ներկայացրել, դեռ կներկայացնի: Ես մտածում եմ, որ քաղաքական կալանավորներ չեն լինի, ու երկխոսությունը կսկսվի»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է Եղյազարյանը:

«Ես էլ եմ կարծում, որ երկխոսությունը կշարունակվի, որովհետև դա, առաջին հերթին, պետք է մեր հասարակությանը, ՀԱԿ-ին, իսկ ինչ պետք է հասարակությանը, պետք է նաև իշխանություններին», – ասել է Լեռնիկ Ալեքսանյանը` նշելով, որ դա հնարավորություն է տալիս ՀԱԿ-ին, որը խորհրդարանում ներկայացված չէ, ընտրություններից առաջ իրենց սկզբունքային գաղափարական, քաղաքական մտքերն արտահայտել ժողովրդի համար:

Հիշեցնենք, որ Կոնգրեսը որոշել էր առկախել երկխոսությունը` պահանջելով փոխել ձերբակալված ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը:

Հարցին` արդյոք Տիգրան Առաքելյանի հարցն իրավական դաշտում է, Գուրգեն Եղիազարյանը պատասխանել է, որ իրավական հարթությունը Հայաստանում մահացել է:

«Ի՞նչ իրավական հարթության մասին է խոսքը, երբ, ասենք, նույն Վիկիլիքսի վերջին բացահայտումները ուղիղ խոսում են հակառակի մասին, թե ինչ է եղել մարտի 1-ին, դրանից առաջ և հետո: Իրավական հարթությունը մահացավ նույն այդ պահին»,- ասել է Կոնգրեսի ներկաացուցիչը: