Մեքսիկայի Վերակրուս քաղաքի երկու բնակիչների նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ահաբեկչության և դիվերսիոն գործողությունների համար այն բանից հետո, երբ նրանք Twitter-ի միջոցով կեղծ տեղեկություններ են տարածել գրոհայինների կողմից մի քանի դպրոցների գրավման մասին: Համաձայն Associated Press-ի` կասկածյալները ձերբակալված են, նրանց մինչև 30 տարվա ազատազրկում է սպառնում:
Մեղադրող կողմի վարկածի համաձայն` օգոստոսի 25-ին մաթեմատիկայի դասատու Խիլբերտո Մարտինես Վերան (լուսանկարում) Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ թմրանյութերի իրացմամբ զբաղվող հանցավոր խմբավորման անդամները դպրոցականների են պատանդ վերցրել: «Իմ եղբոր կինը հենց նոր զանգահարեց ինձ,- գրել է նա,- Բոլորը խուճապի մեջ են, չէ որ նրանք (գրոհայինները) հենց նոր գողացել են 5 երեխաների»: Նման հաղորդագրություններ է ուղարկել նաև դպրոցի ուսուցչուհի Մարիա դե Խեսուս Բրավո Պագոլան:
Վերայի և Պագոլայի կողմից տարածած տեղեկությունները խուճապ են ստեղծել Վերակրուսի բնակիչների շրջանում: Ծնողները նետվել են փրկելու իրենց երեխաներին «հարձակման ենթարկված» դպրոցից: Շատերը շտապողականության մեջ ճանապարհի երթևեկելի մասում են թողել մեքենաները: Ոստիկանության տվյալների համաձայն, արդյունքում քաղաքի փողոցներում 26 ճանապարհատրանսպորտային պատահար է գրանցվել: Բացի դա, խուճապի մատնված մարդկանց զանգերն ամբողջությամբ կաթվածահար են արել արագ արձագանքման ծառայությունների աշխատանքը: