Գեորգի Դանելիայի հայտնի «Միմինո» ֆիլմի հերոսներին նվիրված հուշարձանը կտեղադրվի Վրաստանի մայրաքաղաքի Հավլաբար պատմական թաղամասի հրապարակում: Այս մասին հայտնել է հայտնի վրացի երգիչ և դերասան Վախթանգ Կիկաբիձեի պրոդյուսեր Սոսո Աբզիանիձեն:
Աբզիանիձեի խոսքով` հուշարձանի բացումը տեղի կունենա հոկտեմբերի 14-ին: Հրապարակում կտեղադրեն Վալիկո Միզանդարիի, Ռուբիկ Խաչիկյանի, Իվան Վոլոխովի քանդակները, որոնց դերերում ֆիլմում հանդես էին գալիս Վախթանգ Կիկաբիձեն, Ֆրունզե Մկրտչյանը և Եվգենի Լեոնովը: 4-րդ քանդակը նվիրված է անձամբ Դանելիային:
Հուշարձանի հեղինակն է վրացի քանդակագործ և նկարիչ, Գեղարվեստի ռուսական ակդեմիայի նախագահ Զուրաբ Ծերեթելին: Վերջերս Թբիլիսի բերված քանդակները անհատույց փոխանցվել են Վրաստանին, հայտնում է «Վեստին»:
Հիշեցնենք, որ վերջերս Դիլիջանում նույնպես տեղադրվել է «Միմինո» ֆիլմին նվիրված հուշարձանը, որի բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել հուլիսի 4-ին: Դիլիջանում ֆիլմի հերոսներին նվիրված հուշարձանի բացման գաղափարը պատկանում է ՌԴ Վլադիմիրի երկրամասի հայ համայնքի ներկայացուցիչներին և ռուս բարերարներին, որոնց միջոցներով էլ կանգնեցվել է հուշարձանը: Վախթանգ Կիկաբիձեն հրավիրված չի եղել բացման արարողությանը:
«Էխո Մոսկվի» ռադիոկայանի հետ զրույցում նա ասել է. «Ես այնտեղ չեմ եղել: Հեռուստացույցով եմ տեսել, որ Դիլիջանում հուշարձան են բացել, հայ քանդակագործներն են ստեղծել: Նրանք պնդում են, որ Դիլիջանում էնպիսի ջուր է գալիս, աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցնում, հենց այնտեղ էլ կառուցել են: Ասում են, որ կերպարների միջև ջուր է հոսում, իսկ նրանց հետևում է Լեոնովը, ահա այդպիսի ստեղծագործություն»: