Վրաստանում հայ համայնքի հիմնական խնդիրը հայոց լեզվի և մշակութային ժառանգության պահպանումն է, Վրաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Թեֆտոնի հետ զրույցում հայտարարել է Հայ առաքելական եկեղեցու վրացական թեմի ղեկավար Վազգեն Միրզախանյանը:
Հանդիպման ընթացքում Միրզախանյանը նշել է Վրաստանում իրենց ապագայի նկատմամբ Ախալքալաք և Ախալցխա քաղաքների բնակիչների դրական տրամադրվածությունը: Տեղի համայնքին անհանգստացնող միակ խնդիրը լեզվի և ազգային մշակույթի պահպանումն է: «Գրուզիա Օնլայն»-ի փոխանցմամբ` այս մասին ասված է WikiLeaks-ի կողմից 2009 թվականին գաղտնազերծված փաստաթղթում:
Թեմի առաջնորդը նաև առաջարկել է ԱՄՆ դեսպանին օժանդակել Հայ-վրացական համալսարանի բացման հարցում, որտեղ հայերը կկարողանան հայոց լեզվով ուսում ստանալ: Իր հերթին, դեսպան Թեֆտը խոստացել է խոսել այդ մասին Վրաստանի վերաինտեգրման հարցերով նախարար Թեմուր Յակոբաշվիլիի հետ:
Միրզախանյանը նաև հաղորդել է, որ Ախալքալաքում 400 հոգու համար նախատեսված մեծ վրացական դպրոց է կառուցվում, այն ժամանակ, երբ գյուղերից դժվար թե 100-120 վրացի աշակերտ հավաքվի: Նրա խոսքով` այդ դպրոցի հիմնական նպատակը տեղի հայերն են, որոնց վրացական կառավարությունը մտադիր է ստիպել վրացերեն սովորել:
Իր հերթին, «Ջավախք» ազգային շարժման ղեկավար Նորիկ Կարապետյանը ենթադրություն է արել, թե դպրոցը կարող է նախատեսված լինել Ջավախք տեղափոխվող վրացիների համար, որոնց միջոցով իշխանությունները ցանկանում են փոփոխել տարածաշրջանի ժողովրդագրական իրավիճակը: