Սլովակիայի հավաքականը, որը սեպտեմբերի 6-ին սեփական հարկի տակ ընդունում է Հայաստանի թիմին Եվրո-2012-ի ընտրական փուլի շրջանակներում. լավ մարզավիճակում է: Այս մասին «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերում հայտարարել է մարզական մեկնաբան Վասիլի Ուտկինը:
Նա հիշեցրել է, որ Սլովակիան այն թիմն է, որն արտագնա հանդիպումներում հաղթանակ տարավ խմբի առաջատարների նկատմամբ: «Մինչ մենք կխաղաղանք Իռլանդիայի հետ, Սլովակիան Հայաստանի հետ կհանդիպի: Ես, անկեղծ ասած, դժվար եմ պատկերացնում, որ Հայաստանը կարողանա միավոր հավաքել: Եթե նման բան պատահի, դա հաջողություն կլինի, մեր հաջողությունը, ոչ հայերի: Հաջողությունը նաև մրցաշարային աղյուսակում զբաղեցրած դիրքի մեջ է, որովհետև Հայաստանի հավաքականն այժմ Իռլանդիայից և Սլովակիայից հետ է մնում ընդամենը 3 միավորով, և այս կերպ, թվում է թե, կարող է երկրորդ տեղի հավակնել: Կարծում եմ, որ, իհարկե, 2-րդ տեղն այն չի զբաղեցնի, սակայն այժմ գտնվում է այդ բավական բարենպաստ պատրանքի մեջ»,- մասնավորապես, ասել է Ուտկինը:
Հիշեցնենք, որ Անդորրայի նկատմամբ տարած հաղթանակից հետո Հայաստանի հավաքականը վաստակեց 11 միավոր: Սա անկախ Հայաստանի ֆուտբոլի պատմության մեջ լավագույն ցուցանիշն է Աշխարհի գավաթների և Եվրոպայի առաջնությունների ընտրական խմբերում:
Միևնույն ժամանակ, մեր թիմը շարունակում է պայքարը Եվրո-2012-ի ուղեգրի համար: Խմբում առաջին տեղը 16 միավորով զբաղեցնում է Ռուսաստանը, որը սեպտեմբերի 2-ին հաղթեց Մակեդոնիային` 1:0 հաշվով:
14-ական միավոր են վաստակել Իռլանդիան և Սլովակիան, որոնք Դուբլինում 0:0 հաշվով ավարտեցին իրենց հանդիպումը:
4-րդ տեղում է Հայաստանի հավաքականը, 5-րդը Մակեդոնիան է` 4 միավորով, իսկ ահա Անդորրան առանց միավորի եզրափակում է B խմբի մրցաշարային աղյուսակը: