Չնայած հայկական բանակի որոշակի ձեռքբերումներին, զինված ուժերում իշխում է խորհրդային բանակից ժառանգած և այսօրվա օլիգարխիկ իշխանության արատներով պայմանավորված ոչ կանոնադրային քրեական հարաբերությունների մոդելը: Այս մասին ասված է Հայաստանում գործող մի շարք իրավապաշտպանների և հասարակական կազմակերպությունների տարածած հայտարարության մեջ:
Հայտարարության հեղինակները նշում են, որ ոչ կանոնադրային հարաբերությունների հետևանքով բռնության, խոշտանգումների ու սպանության են ենթարկվում Հայաստանի Հանրապետության բազմաթիվ երիտասարդներ: Միայն 2008-2011 թվականների ընթացքում զինված ուժերում տարբեր պատճառներով մահացած զինծառայողների թիվը պաշտոնական տվյալներով հասնում է 187-ի, որից ընդամենը 25-ն է մահացել հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով: Ոչ պաշտոնական տվյալներով, տարբեր փորձագետների գնահատմամբ, 1994 թվականից ի վեր հայկական բանակում զոհվել է ավելի քան 1500 երիտասարդ:
«Զինծառայողների մահվան դեպքերի առիթով հարուցված քրեական գործերի քննությունները մեծ մասամբ ընթանում են կոպիտ օրինախախտումներով, դրանց զգալի մասը տարիներով չի բացահայտվում, իսկ սպանությունները, որպես կանոն, որակվում են որպես ինքնասպանություն: Սպանված տղաների ծնողների իրավունքները հաճախ անտեսվում են, իսկ նրանք արժանանում են արհամարհական վերաբերմունքի պետական այրերի կողմից», – ասված է հայտարարության մեջ:
Հայտարարության հեղինակները գնահատում են ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի կողմից նշված խնդրի վերաբերյալ հրապարակային դիրքորոշման բացակայությունը որպես վերջինիս սեփական դերի թյուրըմբռնման, իրավիճակին չտիրապետելու, անտարբերության և/կամ հովանավորչության հետևանք:
Հայտարարության հեղինակները ՀՀ գլխավոր գերագույն հրամանատարից պահանջում են 1994 թվականից մինչև օրս ՀՀ բանակում զինծառայողների նկատմամբ կիրառված բռնությունների ու մահվան դեպքերի, այդ թվում` սպանությունների և ինքնասպանությունների, քրեական գործերի վարույթների մանրակրկիտ ուսումնասիրության կազմակերպումը, երաշխիքներ` քրեական պատասխանատվության ենթարկելու բոլոր այն պաշտոնատար անձանց, որոնք անմիջական պատասխանատվություն են կրել քրեական գործերի քննության ընթացքի և անօրինականությունների համար, զինված ուժերի շարքերում ոչ կանոնադրային հարաբերությունները և անառողջ մթնոլորտը վերացնելու ուղղությամբ կոնկրետ միջոցառումների ձեռնարկումը` հանդես գալով օրենսդրական առաջարկություններով և ներգրավելով շահագրգիռ հասարակայնության ներկայացուցիչներին, հայկական բանակում խաղաղ պայմաններում մահացած զինծառայողների ընտանիքներին պատճառված բարոյական և նյութական վնասի դիմաց առաջնահերթ, պատշաճ և արժանապատիվ փոխհատուցումը:
Վերոնշյալ միջոցառումների ուղղությամբ շուտափույթ` մեկ ամսում գործուն քայլեր չձեռնարկելու պարագայում հայտարարության հեղինակները հայկական բանակում տիրող իրավիճակի համար մեղավոր և հովանավոր են համարում ՀՀ գլխավոր գերագույն հրամանատար Սերժ Սարգսյանին և պահանջում նրա հրաժարականը:
Նշենք, որ ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 12 կետի համաձայն ՀՀ գլխավոր գերագույն հրամանատարն է Հայաստանի Հանրապետության նախագահը:
Հայտարարության տակ ստորագրել են` Արթուր Սաքունց, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ, Ավետիք Իշխանյան, «Հայաստանի հելսինկյան կոմիտե» ՀԿ, Նատալյա Մարտիրոսյան, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայաստանյան գրասենյակ» ՀԿ, Ժաննա Ալեքսանյան, «Լրագրողները հանուն մարդու իրավունքների» ՀԿ, Սեդա Մելիքյան, «Փաստաբանները հանուն մարդու իրավունքների» ՀԿ, Լևոն Բարսեղյան, «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» ՀԿ, Սոնա Այվազյան, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ, Իզաբելլա Սարգսյան, «Երիտասարդությունը հանուն ժողովրդավարության» ՀԿ, Լալա Ասլիկյան, «Հույս» ՀԿ, Լևոն Ներսիսյան, «Ա.Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության կենտրոն» ՀԿ: