ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը երկու տարի առաջ Հովհաննես Վարդանյանին զորակոչելու ժամանակ ասել էր, որ, համաձայն Հովհաննեսի ներկայացրած փաստաթղթերի, նա պետք է ազատվի զինվորական ծառայությունից: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում պատմել է Հովհաննեսի հայրը` Վարդանը: Հիշեցնենք, որ տղան մոտ մեկ ամիս առաջ խելագարվել է Ասկերանի զորամասերից մեկում և այժմ գտնվում է Երևանի Նորքի հոգեբուժարանում: Հովհաննեսն ասում է, որ իրեն փորձել են ծեծել և բռնաբարել: Դեպքի առիթով քրեական գործ է հարուցվել:
«Հովիկը տան միակ խնամակալն էր, և Խաչատուրովն ասեց` գնա, փոքր քրոջդ ու մորդ պահի, քեզ չենք ուղարկում: Հետո մի վեց ամիս հետո զինկոմիսարիատից զանգում կանչում են` պիտի տանենք, բա սենց առողջ, բոյով տղեն չծառայի հայրենիքին, էլ ո՞վ ծառայի: Ես իրանց ասում եմ` դուք արհամարհում եք Խաչատուրովի հրամանը, իրանք ինձ ասում են` կներես, բայց տանելու ենք»,- պատմել է հայրը:
Վարդան Վարդանյանն ասել է նաև, որ երբ երեկ ինքն ու կինը այցելել են Նորքի հոգեբուժարան որդուն տեսակցելու, խոսակցություններ են լսել, որ հոգեբուժարանի անձնակազմի վրա ճնշումներ են գործադրվել:
«Բուժքույրերն էին խոսում, որ ճնշել են սաղին, թե` բա ինչի եք թողել, որ եկել, նկարել են: Չգիտեմ էդ ճնշողներն ովքեր են եղել, բայց դե հիմա էլ իրանք են փրփուրներից կախվում», – նշել է Վարդանյանը:
Նրա խոսքով` երեկ ՀՀ ռազմական ոստիկանությունում իրեն ասել են` հնարավոր է տղային հիվանդությունը մորից անցած լինի:
«Ես իրանց ասում եմ` լավ, բա 1 տարի 2 ամիս ծառայել ա, բա խի՞ գիժ չէր, նոր գժվե՞ց: Կամ լավ, որ հիվանդ ա, բա կապտուկները, մարմնի վրայի հետքերը ո՞նց հայտնվեցին»,- ասել է Հովհաննեսի հայրը: