Ժողովրդի ճնշման տակ Հայաստանի իշխանությունները ստիպված էին գնալ ընդդիմության հետ երկխոսության լիազորված պատվիրակության ձևավորմանը, որը ներկայացնում է անձամբ Սերժ Սարգսյանին, գործադիր իշխանությանն ու խորհրդարանական մեծամասնությանը: Ավելին` նրանք ստորագրեցին ՀԱԿ-ի կողմից առաջարկված «Հայաստանում լեգիտիմ պետական իշխանության ստեղծման նպատակով արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների անկացման մասին» բանակցությունների օրակարգի ձևակերպման փաստաթղթի տակ, այսինքն փաստացիորեն ընդունեցին իրենց ոչ լեգիտիմությունը: Այս մասին «Մոսկովսկիե նովոստի» թերթի հետ զրույցում հայտարարել է Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը:
Նրա խոսքով` հարցի քննարկաման վերաբերյալ համաձայնությունը, իհարկե, դեռևս չի նշանակում ընտրությունների անցկացման համաձայնություն:
«Իշխանությունները ժամանակ շահելու, քաղաքական պայքարի թեժությունը թուլացնելու և աշնանային արշավից առաջ մեր շարժումը հեղինակազրկելու նպատակով մանևրում են` շշուկներ տարածելով իշխանությունների և ընդդիմության միջև ինչ-որ գաղտնի պայմանավորվածությունների մասին: Ասվում էր, որ, իբր, մենք բանակցում ենք խորհրդարանում և կառավարությունում աթոռներ բաժանելու շուրջ:
Բայց բոլոր ջանքերն ապարդյուն անցան այն բանից հետո, երբ մենք պահանջեցինք, որ բանակցությունները հեռարձակվեն ուղիղ եթերում: Իսկ երբ իշխանությունների պատվիրակությունը հրաժարվեց կատարել այդ պահանջը, մենք սկսեցինք հանգամանորեն հրապարակել բանակցությունների բոլոր մանրամասները: Որևէ պայմանավորվածության մասին խոսակցությունները դադարեցին, երբ մենք հրապարակեցինք 85-էջանոց մի փաստաթուղթ` արտահերթ ընտրությունների անցկացման իրավական հիմքերը, որը մենք ներկայացրեցինք իշխանության պատվիրակությանը:
Դա դատավճիռ էր իշխանությունների համար, այնտեղ իշխանությունների ոչ լեգիտիմ բնույթի և դրա աղետալի հետևանքների մասին անհերքելի ապացույցներ կան:
Որպեսզի մեր փաստարկները առավելագույնս անխոցելի դարձնենք, մենք օգտագործել ենք հիմնականում Կենտրոնական պալատի, պետական հակամենաշնորհային հանձնաժողովի և միջազգային գնահատման զեկույցները»,-մասնավորապես, նշել է Զուրաբյանը: