Այս տարի հոկտեմբերի 12-21-ը Հայաստանում տեղի է ունենալու մարդահամար, որի փորձնական աշխատանքներն արդեն գրեթե ավարտվել են: «168 ժամ» պարբերականը նշում է, որ, իրենց հասած տեղեկությունների համաձայն, մարդահամարի փորձնական աշխատանքներին զուգահեռ` բնակչության իրական թվաքանակը տարբեր մեթոդներով հաշվել են նաև անվտանգության մարմինները` ԱԱԾ համապատասխան փորձագետների մասնակցությամբ:
Թերթը ընդգծում է, որ այդ ուսումնասիրությունների համաձայն, ՀՀ բնակչության իրականա թվաքանակը տատանվում է 1 միլիոն 450 հազարից մինչև 1 միլիոն 600 հազար մարդու սահմաններում: Չնայած այս տեղեկությունը գաղտնի պահելու իշխանության ջանքերին, այս թվերն արդեն քննարկվում են տարբեր շրջանակներում: «168 ժամը» նշում է, որ ներկայումս համապատասխան մարմինները` Ազգային վիճակագրական ծառայության ակտիվ մասնակցությամբ փորձում են եղանակներ գտնել հոկտեմբերին կայանալիք մարդահամարի արդյունքները 3 միլիոն մարդուն մոտ «նկարելու» համար: