Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման գործընթացում կիրառվում է, այսպես կոչված, սակարկային պարադիգմը, կամ հարացույցը, որը ենթադրում է, որ բոլոր հարցերը պետք է համաձայնությամբ լուծվեն: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրոյցում հայտարարել է ՀՀ ԱԺ նախկին նախագահ, այժմ` անկախ պատգամավոր Տիգրան Թորոսյանը:
Նրա խոսքով` ակնհայտ է` որ այսօր Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում անլուծելի հակասություն գոյություն ունի Հայաստանի, Ադրբեջանի և ԼՂՀ-ի տեսակետների միջև:
«Այս խնդիրն ունի իր լուծումը, դա հետևյալն է. երբ իրավիճակն անլուծելի է այս պարադիգմով, ուրեմն պետք է դիմել այն պարադիգմերին կամ հարացույցերին, որոնք թույլ են տալիս լուծել խնդիրը: Դա իրավական հարացույցն է, այսինքն` միջազգային իրավունքի նորմերը, որոնք միանշանակորեն ասում են մեկ բան` անիմաստ են հակադրությունները տարածքային ամբողջականության` ինքնորոշման իրավունքին: Հետևաբար` պետք է փոփոխություն կատարել ռազմավարությունում և փոխել սակարկային պարադիգմը»,- ասել է Թորոսյանը:
Պատգամավորը կարծիք է հայտնել, որ ժամանակն է, որ հայկական կողմերը ներկայացնեն լիարժեք հայեցակարգ խնդրի կարգավորման վերաբերյալ, որն իսկապես կլինի նախաձեռնողական քաղաքականություն,
«Դա է ճանապարհը` ապահովելու խնդրի լուծումը, որովհետև, ցավոք սրտի, այսօր մենք ունենք մի խոչընդոտ ևս. մեր տարածաշրջանում երկու հզոր պետություններ ունեն հակասական շահեր, այդ իսկ պատճառով միջնորդներից որևիցէ մեկը տեսանելի ժամանակում չի ցանկանա տեսնել խնդիրը լուծումը, որովհետև դա հակասում է իր շահերին: Բայց սա չի նշանակում, որ մենք այդ կողմերին պետք է մեր թշնամին համարենք, ի վերջո, յուրաքանչյուրն իր շահերն է հետապնդում: Այլ հակադրելով շահերին միջազգային իրավունքը, կարծում եմ, հայկական կողմերը կկարողանան հաջողության հասնել»:
Թորոսյանն առաջարկել է խնդրի լուծման իր տարբերակը:
«Ի՞նչ անել: Առաջինը` Հայաստանի ներկայացուցիչները, որոնք զբաղվում են կարգավորմամբ, պիտի ոչ միայն հայտարարեն, որ խնդիրը լուծվելու է ինքնորոշման իրավունքի հիման վրա, այդ հայտարարություններն այլևս ազդեցիկ չեն: Այլ պետք է բերվեն հիմնավորումները, թե ինչու, ինչպես, պիտի լավ ներկայացվի, թե ինչպես սկսվեց պատերազմը, ով սկսեց պատերազմը, ինչ ընթացք ունեցավ: Պիտի մասնագիտական կառույց լինի, որը մասնագիտորեն կզբաղվի այդ հարցով: Բնականաբար, քաղաքական գործիչներն իրենք քաղաքական հայտարարություններ են անում և քաղաքական որոշումներ են ընդունում: Մասնագետների կողմից պետք է պատրաստվեն այն փաստաթղթերը, որոնց հիման վրա իրենք պիտի որոշում ընդունեն և հայտարարություններ անեն: Հակառակ դեպքում` ոչ այնքան հաճելի իրավիճակներում կարող ենք հայտնվել, և երբեմն հայտնվում ենք: Պետք է ամբողջ աշխարհը իմանա` ՀՀ-ի դիրքորոշումը որ հիմնական սյուների վրա է կառուցված: Միայն հայտարարությունները, որ ԼՂ-ն այլևս չի լինի Ադրբեջանի կազմում, այլևս պիտանի չեն, դրանց ժամանակն անցել է: Եթե մենք լավ աշխատենք, ԼՂ-ն կվերադառնա բանակցային գործընթաց: Այ տարածքային ամբողջականության հարցում Հայաստանը և Ադրբեջանը կարող են նստել և խոսել: Բայց ինքնորոշման իրավունքը ում է վերաբերում` Հայաստանին, թե Ադրբեջանին, սա ակնհայտ նոնսենս է նույնիսկ ոչ մասնագետների համար: Այստեղ շատ լուրջ բացթողում կա, որը հանգեցնում է այս պատային իրավիճակին: Ինքնորոշվող կողմը պիտի գա և նստի սեղանի կողքը: Միջազգային իրավունքի նորմերը դա են ասում»,- եզրափակել է Թորոսյանը: