Երեկ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, ՀՀԿ-ական Կարեն Կարապետյանի ներկայացրած հրաժարականն այսօրվա տպագիր մամուլի կենտրոնական թեմաներից մեկն է: «168 ժամ» պարբերականը «Անսպասելի հրաժարական» հոդվածում ներկայացնում է մամուլում և քաղաքական կուլիսներում շրջանառվող լուրերը: Թերթը նշում է, որ վարկածներից մեկի համաձայն, Կարեն Կարապետյանը, ով ռուսաստանցի գործարար, միլիարդատեր Սամվել Կարապետյանի եղբայրն է, առաջիկայում նշանակվելու է վարչապետի պաշտոնում: «168 ժամը», սակայն, հերքում է այդ վարկածը` նշելով, որ «ըստ լավատեղյակ աղբյուրների, Կարապետյանը հրաժարական է ներկայացրել սեփական նախաձեռնությամբ և առաջիկայում ոչ միայն վարչապետի, այլև գործադիր իշխանության որևէ այլ պաշտոնում չի ցանկանում նշանակվել: Ավելին` թերթի տեղեկություններով, նրան մի քանի այլ պաշտոն է առաջարկվել, որոնցից նա հրաժարվել է:
«Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթը նույնպես նշում է, որ Կարապետյանի` վարչապետի կամ փոխվարչապետի պաշտոնում նշանակվելու լուրերը չեն համապատասխանում իրականությանը: «ՉԻ»-ի տեղեկություններով, Կարեն Կարապետյանը գործադիրում աշախատանքի չի անցնելու: Նա քաղաքական նկռտումներ չունի և մոտ ապագայում դժվար թե համաձայնի որևէ քաղաքական պաշտոն զբաղեցնել:
«Հայկական ժամանակ» օրաթերթի տեղեկություններով, Կարեն Կարապետյանը և նրա եղբայր Սամվել Կարապետյանը ժամանակին հավաստիացումներ են ստացել Սերժ Սարգսյանից, որ Կարապետյանը կնշանակվի ՀՀ վարչապետ, ու քանի որ այժմ որևէ հույս չի մնացել, որ Սարգսյանը խոստումը կկատարի, Կարապետյանը դիմում է գրել: «ՀԺ»-ն տեղեկություններ է հայտնում, որ Կարեն Կարապետյանի փոխարեն այդ պաշտոնում նշանակվելու է Լևոն Մարտիրոսյանը` Comedy Club-ի Գարիկ Մարտիրոսյանի եղբայրը:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ երեկ երեկոյան ՀՀԿ-ում գործկոմի ու խորհրդի նիստ է տեղի ունեցել, որին Կարապետյանը, պատճառաբանելով ոտքի և մեջքի ցավը, չի մասնակցել: ՀՀԿ-ականներին Սերժ Սարգսյանը տեղեկացրել է Կարապետյանի հրաժարականի մասին` նշելով, որ նա իրեն այլ դաշտում էր տեսնում:
«Հավատացե’ք, նա նորմալ աշխատում էր, նույնիսկ ցանկանում էի պարգևատրել, բայց նա չցանկացավ: Բայց ժամանակի ընթացքում ինչ-որ բան կարվի», – ՀՀ նախագահի բառերն է փոխանցում թերթը: «Ժողովուրդը» նաև նշում է, որ Կարեն Կարապետյանը մշտական տարաձայնություններ ուներ Սերժ Սարգսյանի փեսայի` Միքայել Մինասյանի հետ, ով զբաղեցնում է աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը:
Լուսանկարը` armenialiberty.org-ից