2008 թվականի փետրվարի 28-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանի, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանի և նախագահի խորհրդական Վիգեն Սարգսյանի ուղեկցությամբ հանդիպել են ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնի և ԱՄՆ դեսպանատան ոստիկանության ղեկավարի հետ:
Փենինգթոնի կողմից ԱՄՆ Պետդեպ ուղարկված և WikiLeaks-ի կողմից գաղտնազերծված փաստաթղթում նշվում է, որ հանդիպումը կայացել է Ռոբերտ Քոչարյանի խնդրանքով:
«Քոչարյանն ասաց, որ տեղյակ է վարչապետի անձնակազմի հետ ունեցած մեր հանդիպման մասին: Նա նշեց, որ իրեն զարմացրել են մեր հաղորդած մտահոգությունները և ցանկանում էր այդ մասին ուղղակիորեն մեզանից լսել: Քոչարյանն իրեն հատուկ կերպարի մեջ էր. անկաշկանդ, ընկերական, կատակում էր, բայց ոչ լիովին անկեղծ, նա ամբողջովին մենաշնորհային էր դարձրել զրույցն ու ինքն էր խոսում, չնայած մեզ լսելու իր նախնական ցանկությանը: ԱԳ նախարար Օսկանյանի շարժուձևն էլ շատ հետաքրքիր բաներ էր ասում նրա մասին, նա ժամանակ առ ժամանակ հետ ու առաջ էր անում` նայելով մեկ առաստաղին, մեկ` իր կոշիկներին: Օսկանյանը հանդիպման կեսից լքեց մեզ, որպեսզի հանդիպի Եվրամիության հատուկ հանձնակատար Պետեր Սեմնեբիի հետ: Քոչարյանը իր մտահաոգությունը հայտնելով` ցանկանում էր պարզել, արդյո՞ք որևէ սուբյեկտիվ վերաբերմունք կա ԱՄՆ դեսպանատան կողմից, արդյոք որևէ կողմ ենք ընդունել ընդդիմության և իշխանությունների քաղաքական բանավեճում», – գրում է դիվանագետը:
Փենինգթոնը ընդգծում է, որ իր հետ զրույցում Քոչարյանը, գրեթե ընդունելով ընդդիմադիրների խոսակցությունների էլեկտրոնային գաղտնալսումների փաստը, ընդգծել է. «Մենք ԳԻՏԵՆՔ, չենք կարծում, ԳԻՏԵՆՔ, որ Տեր-Պետրոսյանի աշխատակիցներն ու մարտավարական հարցերով զբաղվողներն իրենց ներքին խոսակցությունների ժամանակ հաճախ խոսում են ամերիկյան դեսպանատան հետ խորհրդակցելու անհրաժեշտության մասին»:
«Նա ընդունեց, որ միգուցե սա ընդամենը խոսակցություններ են, բայց հարցրեց, թե արդյոք մենք ակտիվորեն բանակցում ենք կամ ուղղորդում ԼՏՊ-ի արշավը», – գրում է Փենինգթոնը`նշելով, որ Քոչարյանին բացասական պատասխան է տվել:
«Մենք հաճախ խոսում ենք ԼՏՊ-ի կողմի հետ, որպեսզի տեղյակ լինենք, թե ինչ է կատարվում, բայց երբևէ խորհուրդ չենք տվել, կամ չենք համակարգել նրանց գործողությունները և որևէ կապ չունենք նրանց մարտավարության հետ», – ասել է ամերիկացի դիվանագետը:
Փաստաթղթում նա նշում է, որ իր այդ դիտարկումից հետո Քոչարյանն անմիջապես իր դիրքերը զիջեց, սակայն հասկացնել տվեց, որ կառավարությունը հետևելու է իրենց:
Փենինգթոնն այս առնչությամբ նաև մեկնաբանություն է գրել. «Մենք հավատում ենք, որ Քոչարյանը գերազանց տեղեկացված է կառավարական վերահսկողական աղբյուրներից, թե որքան հաճախ են դեսպանատան աշխատակիցները այցելել Ազատության հրապարակ, և որքան հաճախ ենք զանգեր և տեքստային հաղորդագրություններ ստացել ԼՏՊ-ի արշավի մասին: Մենք կարծում ենք, որ նա փոքր խաղ էր խաղում մեզ հավասարակշռությունից հանելու համար, ինչպես նաև ԼՏՊ-ի հետ համագործակցելու հարցում մեզ նախազգուշացնելու համար»:
Քոչարյանը ասել է, որ քանի դեռ արտաքին ուժերը չեն աջակցում կամ չեն խրախուսում Ազատության հրապարակում հավաքված մարդկանց, որևէ խնդիր չի լինի: Իդեալական լուծումը կլինի այն դեպքում, երբ ԼՏՊ-ի համակիրները բնականոն կերպով հեռանան և ժողովուրդն էլ հասկանա, որ ԼՏՊ-ն իրեն սպառած ուժ է:
ՀՀ նախագահն ասել է, որ մի քանի օր առաջ «վտանգավոր պահ» է եղել «Երկրապահների» հետ կապված: Վտանգ է եղել, որ «իրադարձությունները կարող են դուրս գալ քաղաքական դաշտից, և հայտնվել մեկ այլ դաշտում», այլ կերպ ասած`զինված բռնության:
Քոչարյանը Փենինգթոնին հայտնել է, որ «ինքն այդ հարցը մեկ օրում է լուծել»: Նա ասել է, որ Երկրապահների առաջնորդները այժմ հասկաում են, որ եթե փորձեն ուժ գործադրել ի օգուտ ԼՏՊ-ի, ոչ միայն ոստիկանության դիմադրությանը կարժանանան, այլ նաև հայկական բանակի ողջ կարողությանը:
Պատասխանելով ընդդիմադիր ակտիվիստների ձերբակալությունների մասին Փենինգթոնը կողմից հնչեցված մտահոգություններին`Քոչարյանը ասել է.
«Դուք ԱՄՆ-ում ի՞նչ եք անում ձեր ահաբեկիչների հետ: Մենք երբեք ձեզ չենք քննադատում դրա համար»:
Ներկայացնելով Քոչարյանի պատասխանը` ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը հետևյալ մեկնաբանության է անում.
«Մեկ օր առաջ Միշա Մինասյանը (Սերժ Սարգսյանի փեսան – խմբ.) նույնպես ասել էր, որ ԼՏՊ-ն փետրվարի 22-ին զինված հեղաշրջում իրականացնելու անհաջող փորձ էր արել: ԼՏՊ-ի խորհրդական Լևոն Զուրաբյանը փետրվարի 22-ին պատմել էր դեսպանատան աշխատակցին` առանց նշելու իր աղբյուրը, որ նախագահ Քոչարյանը Մոսկվայից վերադառնալուց հետո շատ լուրջ զրույց է ունեցել «Երկրապահ» կազմակերպության ղեկավար, Պաշտպանության նախարարի տեղակալ գեներալ Մանվել Գրիգորյանի հետ և արդյունքում հաջողվել է Գրիգորյանին վախեցնել, նա դիմել է ինքնակղզիացման և այժմ անհասանելի է ԼՏՊ-ի թիմակիցների համար»:
Խոսելով ձերբակալությունների մասին` Քոչարյանը նշել է, որ դրանք անհրաժեշտ էին և դրանց նպատակն էր համոզվել, որ Ազատության հրապարակում զինված մարդիկ չկան:
«Քոչարյանը պնդում էր, որ «Երկրապահների» որոշ առանցքային դեմքեր և լևոնականները, ովքեր հաճախ գալիս են հանրահավաքների, զենք էին կրում: Նախագահի խոսքով` այս մարդկանցից ընդամենը մի քանիսին ձերբակալելուց հետո` ամեն ինչ իր տեղն է ընկել, և անվտանգության ծառայություններն այժմ վստահ են, որ հրապարակում ոչ ոք զենք չի կրում: Իր սեփական զինվորական փորձից ելնելով` նա նշել է, որ մի փոքր ուշադրության դեպքում փորձված աչքը կարող է նկատել` արդյոք մարդն իր հագուստի տակ զենք կրում է թե ոչ: Քոչարյանն ասաց. «Այս դեպքում ինձ համար միևնույն է զենքերը օրինական են, թե ապօրինի, դրանք չպետք է այնտեղ լինեն, և ես կձերբակալեմ ցանկացածի, ով զենք է կրում», – գրում է Փենինգթոնը:
Մի կողմից Քոչարյանը հայտարարել է, որ զենք կրելու մեղադրանքով ընդամենը մեկ ընդդիմադիր քաղաքական գործիչ է ձերբակալվել`Սուրեն Սուրենյանցը: Մյուս կողմից` նա նշել է, որ կարող էր օրինական հիմքերի վրա բանտ նետել ԼՏՊ-ի հանրահավաքների բոլոր կազմակերպիչներին և ելույթ ունեցողներին, քանի որ կառավարության առաջնորդների հասցեին հնչեցվող վիրավորանքներով նրանք խախտում են օրենքը: ՀՀ երկրորդ նախագահը դա որակել է որպես իր զսպվածության վկայություն:
«Հանդիպման ընթացքում Քոչարյանը տարբեր բաներ էր ասում այն մասին, թե երբ կուղարկի ոստիկանությանը հրապարակը մաքրելու: Նա մեկ ասում էր, որ ժամանակն իշխանությունների կողմն է և որ իրենք հանգիստ կարող են սպասել: Հաջորդ պահին, նա խոսում էր թույլ չերևալու կարևորության և օրենքի ուժը պարտադրելու անհրաժեշտության մասին, և հարցնում էր, թե ինչպես կարող է թույլ տալ, որպեսզի ապօրինի հանրահավաքը շարունակի խանգարել խաղաղությունը և հասարակական կարգը Երևանի կենտրոնում: Քոչարյանը հայտարարեց, որ եթե որոշի մաքրել հրապարակը, նա դա կանի 40 րոպեում, թեև գիտի, որ դրա հետևանքով մարդիկ կտուժեն, մի բան, որ ինքը չի ցանկանում: Այդուհանդերձ, նա նշեց, որ եթե ցույցերը շատ երկար ձգվեն, ԼՏՊ-ի համակիրները և, միգուցե, ժողովուրդը կսկսի կարծել, որ իրավապահ մարմինները ի վիճակի չեն մաքրել հրապարակը, և դա նրանց կդրդի հետագա ապօրինի գործողությունների իրականացմանը: Քոչարյանի խոսղքով` ժողովուրդը պետք է իմանա, որ իշխանություններն ուժեղ են և ի վիճակի են օրենքը պաշտպանել», – նշում է Ջոզեֆ Փենինգթոնը:
Փաստաթղթի եզրափակիչ հատվածում ամերիկացի դիվանագետը ներկայացնում է հանդիպման վերաբերյալ իր մեկնաբանությունը. «Քոչարյանը դոմինանտ դիրք ուներ զրույցի ընթացքում և գրեթե թույլ չէր տալիս ժամանակավոր հավատարմատարին խոսել: Հստակ չէ` արդյոք ինքը հավատում է, որ նման ոճի զրույցն արդյունավետ է մեզ համոզելու համար, որ սխալվում ենք, թե ցանկանում է ցույց տալ, որ բոլոր փաստերն իր կողմն է», – նշում է Փենինգթոնը` ընդգծելով, որ Քոչարյանը «խարդախաբարո խարիզմա ունի և նրա հետ շատ դժվար է վիճել», բայց միևնույն ժամանակ գոհունակություն հայտնելով, որ նախորդ օրը ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչներն ավելի ցիվիլ զրույց են ունեցել ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի ներկայացուցիչների հետ և համոզվել են, որ իրենց տեսակետը լսելի է եղել: