Օգոստոսի 9-ին ոստիկանության բաժին բերման ենթարկած և մեկ օր անց ձերբակալված Հայ Ազգային Կոնգրեսի 7 ակտիվիստներից մեկը` Արտակ Կարապետյանը, ում ազատ են արձակել 3 մլն. դրամ գրավի դիմաց, Epress.am-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ սեպտեմբերի 7-ին հրավիրվել է քննչական վարչություն` ցուցմունք տալու:
«Ես պատմեցի իրական դեպքը: Oգոստոսի 9-ին Խնկո-Ապոր գրադարանի մոտ ոչ թե մենք ենք ոստիկան ծեծել, այլ նրանք են հարձակվել մեզ վրա: Իսկ սեպտեմբերի 8-ին կարմիր բերետավորների հետ առերեսման ժամանակ լրիվ պարզ դարձավ, թե ինչն էր խնդիրը: Ես հասկացա իրենց ստելու, իրենց կեղծ ցուցմունք տալու պատճառը` դա իրենց ապօրինի գործողությունները կոծկելու ցանկությունն էր: Ես այդ ժամանակ հասկացա, որ փաստորեն վերադասը երևի տեղյակ չէր իրականության մասին, որովհետև եթե տեղյակ լինի` իրականում ինչ է եղել, արդեն հենց էդ երկու ոստիկանը, իմ կարծիքով, խնդիր կունենան»,- ասել է Արտակ Կարապետյանը:
Նա նշել է, որ առերեսման հրավիրված ոստիաններն այն բերետավորներն են եղել, որոնք հարձակվել են երիտասարդների վրա ու նրանց ծեծի ենթարկել:
«Առերեսման ժամանակ հայտնաբերեցի, որ բերետավորներից մեկը ծայրից ծայր կեղծ ցուցմունք էր տալիս, իսկ երկրորդի հետ առերեսվելուց հրաժարվեցի, որովհետև առաջինը բացարձակ շինծու ցուցմունք էր տվել, ես պատճառաբանեցի, որ երկրորդն էլ նույն ցուցմունքն է տալու, որ իրենք շահադիտական նպատակներ ունեն` իրենց ապօրինի գործողությունները կոծկելու և’ մեզանից, և’ իրենց վերադասից»,- հավելել է Արտակ Կարապետյանը:
Հիշեցնենք, որ Առաքելյանը Կոնգրեսի 6 ակտիվիստների հետ միասին բերման է ենթարկվել այս տարվա օգոստոսի 9-ին` Երևանի Կարապի լճի հարակից տարածքում ոստիկանների հետ տեղի ունեցած միջադեպի արդյունքում: Հաջորդ օրը ակտիվիստները ձերբակալվել էին, իսկ մի քանի օրվա ընթացքում նրանցից 6-ին ազատ էին արձակել` երկրից չբացակայելու ստորագրության դիմաց: Անազատության մեջ էր մնացել միայն Տիգրան Առաքելյանը: Նրան և Արտակ Կարապետյանին մեղադրում են իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու, իսկ Սարգիս, Արեգ, Վահագն Գևորգյաններին, Սահակ Մուրադյանին և Դավիթ Քիրամիջյանին` խուլիգանության մեջ:
Նշենք նաև, որ Կոնգրեսը օգոստոսի 26-ին առկախել է Կոնգրես-իշխանություն երկխոսությունը` պահանջելով փոխել Առաքելյանի խափանման միջոցը: