ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի անկախության 20-րդ տարեդարձի առթիվ այսօր Հայաստանի ազգային պատկերասրահում հրավիրել է տոնական ընդունելություն, որին մասնակցել են Հայաստանի քաղաքացիական հասարակության` քաղաքական կուսակցությունների, զանգվածային լրատվության միջոցների, Հանրային խորհրդի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:
Իր ելույթի ընթացքում Սերժ Սարգսյանը նշել է, որ անկախության քսանամյակը լուրջ և պարտադրող տարեդարձ է, որին մեր ժողովուրդը հասել է դժվարին ու պատվաբեր ուղի անցնելով:
«Մենք երկու տասնամյակ շարունակ աշխատել ենք մեր երկրում մրցակցային քաղաքական մշակույթ ձևավորելու ուղղությամբ: Իրողություն, երբ երկրի զարգացման ու պետական կառավարման համար պատասխանատվությունը ստանձնելու ձգտումը հնարավոր է իրականացնել ժողովրդին առաջարկվող ուղու ճշմարտացիությունն ապացուցելով միայն: Իրողություն, երբ ճշմարտությունը միակը չէ, երբ լավը հարկադրված է զիջել լավագույնին, և երբ ճշմարիտն ու լավագույնը լինելու հավակնությունը հնարավոր է ապացուցել մրցելով միայն: Հրապարակայնորեն, բոլորի աչքի առաջ: Մրցելով գաղափարներով, մտքով ու համոզիչ լինելով», – ասել է Սերժ Սարգսյանը:
Նա, սակայն, հավելել է, որ յուրաքանչյուր մրցություն, քաղաքական մրցակցություն չի կարող երկիրը մղել դեպի լավագույն ուղի, եթե մրցողները նպատակները ստորադասում են միջոցներին, եթե մրցողները ընտրություն չեն դնում միջոցների միջև, եթե մրցում են հանուն մրցության, եթե հաղթում են միայն հաղթելու համար:
«Ուստի քաղաքական մրցակցությունը պիտի ընթանա քաղաքական համագործակցության հետ ձեռք ձեռքի տված: Մրցակցության ու համագործակցության համատեղ արահետը, սակայն, նեղ է ու փխրուն, իսկ ազգակործան անդունդի եզրերը՝ լայն, բազմաթիվ ու սայթաքուն: Այն անցանելի է միայն նրան, ով իմաստնացել է պայքարում, ով այդ անդադար պայքարում կարողացել է կանգ առնել ու ձեռք մեկնել մրցակցին, ում մարտական կոչը չի վերածվել ատելության անեծքի, ում հասանելի է Արտավազդ արքայորդու բերանով պատմահոր հնչեցրած մտքի խորհուրդը` ավերակաց վրա իշխելու դատապարտվածի հավերժական խարանը:
Այսօր կարող ենք հպարտանալ մեր պետականության հասունությունը հավաստող ձեռքբերումներով: Մենք կարողացանք ոչ միայն դնել մեր երկրի պետականության հիմքերը, այլև ամուր վերնաշենք սկսել: Մեր քաղաքական կուսակցություններն ու հասարակությունը կարողացան բազում դժվարություններով անցնել կայացման ուղին, գտնել քաղաքական մրցակցության ու համագործակցության ճանապարհն ու առաջ շարժվել:
Այսուհետ ևս իրավունք չունենք շեղվելու այդ ուղուց: Պիտի մրցենք, սակայն ձեռք ձեռքի տված: Պիտի պայքարենք քաղաքական հարթակում, սակայն հարթակից երբեք չգլորվելով ու ցած չգլորելով հարթակն ու ժողովրդին», – նշել է Սերժ Սարգսյանը: