Մերօրյա օրերի խորհրդանիշը ոսկե հորթն է, որին այս տարիների ընթացքում մեր ժողովրդի մի մասը` հիմնականում քաղաքական էլիտան, առավոտից գիշեր երկրպագում է: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին այս մասին ասել է «Սարդարապատ» շարժման նախաձեռնող անդամ Ժիրայր Սեֆիլյանը, ով խոսել է «Երրորդ հանրապետության վախճանի և Չորրորդ հանրապետության ստեղծման մասին»:
«Մենք կարող ենք հաստատել այն միտքը, որ երրորդ հանրապետությունը նման է զառամյալ ծերունու, որի վախճանը մոտալուտ է: Մեր ժողովուրդը հղի է չորրորդի ծնունդով»,- հայտարարել է նա:
Նա նշել է, որ Չորրորդ հանրապետության ստեղծմանը նախապատրաստվում է «Սարդարապատ» շարժումը, բայց ոչ ընտրությունների միջոցով:
«Շատ պարզ է. դա լինելու է ուղիղ ժողովրդավարություն. ժողովուրդը կանգնելու է և ասելու է` հեռացի’ր, իսկ արդյոք բռնությամբ, թե ոչ, կորոշեն իշխանությունները», – ասել է Սեֆիլյանը:
Նա նաև անդրադարձել է իշխանություն-ընդդիմություն այս պահին առկախված երկխոսությանը և հայտարարել, որ ողջ գործընթացի տերը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն է:
«Այս պրոցեսի տերն ու տիրականն անձամբ Սերժ Սարգսյանն է, նա երբ ուզում է, կարողանում է լարում մտցնել դաշտում, երբ ուզում է` թուլացնում է, իսկ դրա նպատակը մեկն է. մինչև ընտրությունները` մայիսյան ընտրությունները (խորհրդարանական – խմբ.), դաշտը վերահսկելի պահել` դրանով իսկ խանգարելով որևէ մի անվերահսկելի գործընթացին: Սերժն է ամբողջ գործընթացի դիրիժորը, ինչպես նաև Քոչարյանի օրոք: Ես համոզված եմ, որ 1999 թվականից` հոկտեմբերի 27-ից սկսած, իշխանության առյուծի բաժինը պատկանել է Սերժ Սարգսյանին, քանի որ մենք պետք է հիշենք, մինչև Քոչարյանի գալը` ով էր Սերժ Սարգսյանը… նա ղեկավար պաշտոնների էր»,- ասել է նա:
Սեֆիլյանը կանխատեսել է, որ գալիք օրերին հանրությունը կրկին ականատեսը կլինի արհեստական թուլացումների և լարումների:
«Ընտրությունների նախօրյակին մենք ականատեսը կլինենք Կոնգրեսի համարյա քանդմանը: Տեր-Պետրոսյանի շուրջ համախմբված մարդկանց մեծամասնությունը համարյա նույն որակներն ունեն, ինչ այսօր գործող համակարգը, այսինքն` նյութապաշտական արժեքները գերիշխում են»,- ասել է Սեֆիլյանը: