Այսօր ՀՀ կառավարության նիստում որոշվել է Գյումրի քաղաքում և Ախուրյան համայնքում բնակարան ստանալու հավակնող, 1988 թվականի երկրաշարժից տուժած ընտանիքների կողմից նրանց ընտանիքի անդամների վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերով համալրված փաթեթների վերջնաժամկետ սահմանել 2011 թ. նոյեմբերի 1-ը։
«Մենք աղետի գոտու վերականգնման աշխատանքների վերջին փուլն ենք իրականացնում, և սպառվում են այն միջոցները, որոնք ծրագրել էինք։ Մեր ծրագիրը նախատեսված էր շուրջ 7 հազար անօթևան ընտանիքների բնակարաններով ապահովելու համար։ Արդյունքում ամբողջությամբ կատարում ենք մեր պարտավորություններն անօթևանների, մասնավորապես, այն ընտանիքների նկատմամբ, որոնք համապատասխանում են այն չափանիշներին, որոնք սահմանված էին մեր կողմից։ Մենք շատ քաջ գիտակցում ենք, որ այդ ցուցակների ճշգրտումը բավական բարդ գործընթաց է և պայմանավորված է այն հանգամանքով, որ իրականում աղետի հետևանքով անօթևան դարձածները և սոցիալական խնդիրներ ունեցող ընտանիքները փորձում են այս ծրագրից օգտվել, և շատ դժվար է այդ տարանջատումն իրականացնել։ Դրա համար ունենք սոցիալական այլ ծրագրեր, և երեկ քաղաքաշինության նախարարը նաև Ազգային ժողովում հայտարարեց, որ նախարարական կոմիտեում քննարկվել է բազմաբնակարան շենքերի հիմնախնդիրը։ Հայաստանում ունենք 21 հազարից ավելի բազմաբնակարան շենք, և, ցավոք, դրանց զգալի մասը «խրուշչովյան» տարիներին կառուցված շենքերն են, որոնց ֆիզիկական մաշվածության աստիճանը բավական բարձր է, և դրանք վթարային դառնալու լուրջ խնդիր ունեն։ Այդ պատճառով, ավարտելով այս ծրագիրը, 2012 թ. արդեն պետք է ձեռնամուխ լինենք նորի իրականացմանը։ Հայեցակարգը հավանություն է ստացել նախարարական կոմիտեում, հանրային քննարկում կկազմակերպենք, և արդեն պարտավոր ենք լինելու ամեն տարի գումար հատկացնել բազմաբնակարան շենքերի խնդիրները լուծելու համար։ Սոցիալապես անապահով ընտանիքները նույնպես պետք է իմանան, որ մենք այս փուլում լուծեցինք անօթևանների խնդիրը, բայց երկրորդ փուլում, բնականաբար, ուշադրության կենտրոնում հայտնվելու են առաջին հերթին սոցիալապես անապահով ընտանիքները, որոնք ունեն այդպիսի խնդիրներ», – այս առնչությամբ ասել է վարչապետը։