Երեկ երեկոյան Ստամբուլում «Հրանտ Դինք» հիմնադրամը երրորդ անգամ հանձնեց Հրանտ Դինքի անվան միջազգային մրցանակը: Ավանդաբար մրցանակը «կիսում են» երկու գործիչ. մեկը` Թուրքիայի քաղաքացի, մյուսը` օտարերկրացի:
Ինչպես նշում է Հրանտ Դինքի հիմնադրամը, մրցանակը տրվում է «խտրականությունից, ցեղասպանությունից, բռնությունից զերծ, ազատ ու անկախ աշխարհի ձգտող, այդ ուխտի համար անհատական զոհողություններ ցուցաբերող, կանխակարծիքներ խորտակող, այդ պայքարի մեջ հասարակությանը խրախուսող անձանց»:
Այս տարի Թուրքիայից մրցանակին արժանացավ «Թարաֆ» թերթի խմբագիր Ահմեթ Ալթանը:
«Ոչ թե ուրախությամբ, այլ ամոթով եմ ստանում այս մրցանակը: Թուրքիայի 70 միլիոն մարդու հետ ես չկարողացա կանխել Հրանտի սպանությունը: 70 միլիոն մարդու հետ ես չկարողացա հայտնաբերել իրական ոճրագործին: Ամոթով ստանալով մրցանակը` այն որպես ավանդ պիտի պահեմ, մի օր Հրանտի ոճիրը բացահայտողին այն վերադարձնելու համար», – իր ելույթում ասել է Ալթանը:
Թուրքիայից դուրս Հրանտ Դինքի անվան մրցանակը տրվել է մեքսիկացի իրավապաշտպան, կանանց իրավունքների համար պայքարող Լիդիա Կաչո Ռիբեյրոյին: Վերջինիս պատվավոր մրցանակը հանձնել են Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը և նախորդ տարվա դափնեկիր թուրքական «Գիտակցված բողոքի» շարժման ներկայացուցիչներից մեկը:
Նշենք, որ նախորդ տարի մրցանակի էր արժանացել նաև իսպանացի դատավոր Բալտասար Գարսոն Ռեալը:
2009 թվականին մրցանակը ստացել էին թուրք լրագրող Ալփեր Քերմիշը և հրեա լրագրողուհի Ամիրա Հասը: