Ռուսաստանցի գործարարներ Ալեքսանդր Լեբեդևը և Սերգեյ Պոլոնսկին «НТВ-ականներ» հերթական հաղորդման նկարահանումների ժամանակ «մռութը ջարդելու ցանկության» մասին խոսակցությունը ծեծկռտուքի են վերածել:
Ինչպես հայտնում է «Էխո Մոսկվի» ռադիոկայանը, հաղորդումը նվիրված է եղել տնտեսական ճգնաժամին: Mirax Group ընկերության նախկին ղեկավար Սերգեյ Պոլոնսկին հայտարարել է, որ նա իր զրուցակցի «մռութը ջարդելու ցանկություն ունի»: Այս խոսքերից հետո Ազգային պահուստային բանկի ղեկավար Ալեքսանդր Լեբեդևը ցատկել է Պոլոնսկու ուղղությամբ և մի քանի հարված հասցրել վերջինի դեմքին:
Իր Twitter միկրոբլոգում Պոլոնսկին գրել է, որ Լեբեդևը հարվածել է իրեն և անգամ իր պատռված տաբատի և ձեռքի վերքերի լուսանկարներ է տեղադրել կայքում:
Newsru.com-ը ներկայացնում է Լեբեդևի պարզաբանումները. «Ինքներդ մտածեք, ես ծառայել եմ զինված ուժերում: Ես նրան չեմ հարվածել, ընդամենը հեռացրել եմ ինձնից: Որովհետև Պոլոնսկին երկու ժամ գոռում էր, ցատկոտում, իսկ այնուհետև սկսեց սպառնալ ինձ և փորձեց հարձակվել իմ վրա»:
Պոլոնսկին չի բացառում դատարան դիմելու հնարավորությունը, ի դեպ, Լեբեդևը պատրաստ է իր իրավունքը պաշտպանել նաև արդարադատության մարմիններում: