Իրանի պետական հեռուստաալիքը հաղորդել է տեղի Բի-բի-սի ծառայության 5 աշխատակիցների ձերբակալության մասին:
Associated Press-ի փոխանցմամբ` նրանք մեղադրվում են Իրանին վերաբերող իրադարձությունների մասին բացասական գնահատական պարունակող տեսանյութեր և ռեպորտաժներ պատրաստելու մեջ:
Ձերբակալվածների անունները, ինչպես նաև քաղաքացիությունը, չի հաղորդվում:
Ավելի վաղ Իրանը արգելափակել էր Բի-բի-սիի հեռուստատեսային հեռարձակումը` մեղադրելով ընկերությանը բողոքարար շարժում կազմակերպելու մեջ 2009 թվականի նախագահական ընտրությունների ընթնացքում:
Հիշեցնենք, որ 2009 թվականի հունիսի 12-ին Իրանում տեղի ունեցան նախագահական ընտրություններ: Գործող նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հաղթանակ տարավ` հավաքելով ձայների ավելի քան 60 %-ը, իսկ նրա հիմնական հակառակորդ, իրանական ընդդիմության առաջնորդ Միրհուսեյն Մուսավին` ավելի քան 30 %: Սակայն ընդդիմությունը մեղադրեց իշխանություններին կեղծարարությունների մեջ և պանաջեց չեղյալ հայտարարել ընտրությունների արդյունքները: Ծագած զանգվածային բախումների ժամանակ առնվազն 30 մարդ զոհվեց, ավելի քան 1000 մարդ բանտում հայտնվեց: