ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ՀՀ առաջին և երկրորդ նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանին և Ռոբերտ Քոչարյանին ուղարկված Անկախության 20-ամյակին նվիրված տոնախմբություններին մասնակցելու հրավերները խորհրդանշական բնույթ ունեին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասել է «Տարածաշրջանային ուսումնասիրությունների կենտրոն» ՀԿ-ի ղեկավար, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը:
Հիշեցնենք, որ շաբաթ օրը Տեր-Պետրոսյանի և Քոչարյանի ներկայացուցիչները նշել էին, որ նրանք չեն մասնակցի Անկախության 20-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին:
Կիրակոսյանը, այնուամենայնիվ, չի բացատրել, թե ինչ նկատի ունի` ասելով «խորհրդանշական»:
«Թե ինչպես հրավերին վերաբերվեցին նախկին նախագահները, իրենց խնդիրն է: Այսօր խնդիրն այն չէ, թե ինչպես են վերաբերում նախկին նախագահներին, այլ այն, թե ինչպես են վերաբերում ձայն չունեցող մարդկանց՝ նրանց, ովքեր որդիներ են կորցնում բանակում, ովքեր վտարվել են Բյուզանդի փողոցից, ովքեր զրկվել են իրենց կրպակներից»,- ասել է Կիրակոսյանը:
Կիրակոսյանի խոսքով` Հայաստանում ստեղծված քաղաքական իրավիճակում կարելի է տեսնել դրական նախանշաններ ընդդիմության և իշխանությունների երկխոսության մեջ, սակայն, հնարավոր է, որ դա մի փոքր ուշացած է:
«Սա քաղաքական կամքի փորձությունների շարքից է: Փորձություն է օլիգարխների համար, ովքեր արդեն իրենք իրենցով վերածվել են պետության համար առաջին վտանգի՝ չմուծելով իրենց հարկերը: Քաղաքական կամքի համար մեկ այլ փորձություն է բանակում գրանցված անընդունելի մահերը, որի համար և Յուրի Խաչատուրովը, և Միքայել Հարությունյանը, և Սեյրան Օհանյանը, և նույնիսկ Սերժ Սարգսյանը պետք է պատասխան տան»,- հայտարարել է Կիրակոսյանը: