2014 թվականի Օլիմպիական խաղերին ընդառաջ կառուցված երկաթբետոնե բազմահարկ շենքերի կեսից ավելին կարող են ավերակների վերածվել: Նորմատիվ փաստաթղթերում առկա սխալները հայտնաբերել են Մոսկվայի պետական ճարտարապետաշինարարական համալսարանի մասնագետները:
Մոտ 30 տարի առաջ Սոչիի շրջանում 14 հարկից բարձր շենքեր չէին կառուցում: Բազմահարկ շենքերի կառուցման անհրաժեշտության դեպքում լուրջ փորձարարական հետազոտություններ էին անցկացվում, ինչի արդյունքում սեյսմակայունության այս կամ այն մեթոդն օգտագործելու մասին որոշում էր կայացվում: 1981 թվականին այսպես կոչված նվազման ցուցիչ ընդունվեց, որը, մեծացնում է շենքի ներքին հնարավորությունները և ծանրությունը կրելու կարողությունը: Համարվում էր, որ այդ ցուցիչը հաշվում է էներգիայի տարածումը ստորգետնյա ցնցումների ժամանակ, այսինքն նվազեցնում է նրանց պոտենցիալ վտանգը:
Պրոֆեսորներ Օլեգ Մկրտիչևը և Գուրամ Ջինչվելաշվիլին, որոնց կես տարի առաջ հանձնարարվել էր մասնակցել ռուսաստանյան նորմերը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու գործընթացին, կոպտագույն սխալ են հայտնաբերել: Պարզվել է, որ այդ ցուցիչը, որի վրա բաժանվում է երկրաշարժի ավերիչ ուժը, չափազանց ուռճացված է եղել: Այն դեպքում, երբ Արևմուտքը նվազեցնում էր հնարավոր ավերածությունների մակարդակը, նվազեցնելով ցնցումների ազդեցությունը անալոգային ցուցիչից 1,5-2 անգամ, ռուսաստանյան նախագծողները «բաժանում էին» երկրաշարժի վտանգը 4 ցուցիչի վրա:
Հասկանալի է, որ նման նվազեցումը շահեկան էր կառուցողներին, նրանք ստիպված չէին հավելյալ միջոցներ ծախսել հակասեյսմիկ միջոցառումների վրա: Արդյունքում, 9 բալանոց երկրաշարժին դիմակայելու համար նախատեսված շենքերը կարող են իրականում քանդվել 7 բալանոց երկրաշարժի ժամանակ, իսկ 5-6 բալի դեպքում ճեղքեր տալ, հայտնում է Infox.ru-ն: