Դերասանուհի Անժելա Սարգսյանի ինտիմ լուսանկարների տարածման գործով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի երկու հոդվածով` 263 հոդվածի 1-ին մասով` «Պոռնկագրական նյութեր կամ առարկաներ, այդ թվում՝ տպագիր հրատարակություններ, կինոյի և տեսաֆիլմերի նյութեր, պատկերներ կամ պոռնկագրական բնույթի այլ առարկաներ տարածելը, գովազդելը, իրացնելը, ինչպես նաև այդ նպատակով պատրաստելը», ինչպես նաև 144 հոդվածով՝ «Մարդու անձնական կամ ընտանեկան գաղտնիք համարվող տեղեկություններն առանց նրա համաձայնության օգտագործելը կամ հրապարակային ելույթներով, հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործություններով կամ լրատվության միջոցներով այդպիսի տեղեկություններ տարածելը կամ հավաքելը կամ պահելը»: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Երևանի Կենտրոնի ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Արմեն Մալխասյանը:
Առաջին հդվածը ենթադրում է պատիժ տուգանքի տեսքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանք՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
Երկրորդ հոդվածի դեպքում պատիժը կարող է սահմանափակվել տուգանքով կամ մեկից երկու ամիս ժամկետով կալանքով:
Մալխասյանի խոսքով` առայժմ ընթանում է գործի նախաքննությունը, և գործում ներգրավված անձանց մասին դեռ վաղ է խոսել:
Ավելի վաղ ՀՀ ոստիկանության կողմից փորձաքննության ուղարկված դերասանուհի Անժելա Սարգսյանի լուսանկաների փորձագիտական աշխատանքների արդյունքում պարզվել է, որ նրա լուսանկարները պոռնկագրական բնույթի են:
Հիշեցնենք, որ լուսանկարները համացանցում տարածել էր Անժելա Սարգսյանի զուգընկեր Կարեն Արայանը: