Ադրբեջանի և Ղարաբաղի միավորումը կամ կոնֆեդերացիայի ստեղծումը հնարավոր չէ: Այս մասին Vesti.az լրատվական կայքին տված հարցազրյուցում ասել է «Արդար Ռուսաստան» կուսակցության անդամ, ՌԴ Պետդումայի նախկին պատգամավոր Ալեքսեյ Միտրոֆանովը, ում ԼՂՀ այցելությունից հետո արգելել են մուտք գործել Ադրբեջան:
– Ադրբեջանի ԱԳ նախարարության որոշումն ինձ համար անսպասելի էր: Չեմ հասկանում` ինչու Ադրբեջանի արտգործնախարարությունն այդքան կտրուկ արձագանքեց իմ այցին: Չէ՞ որ ես ոչ մի ոչ բարեկամական հայտարարություն Ադրբեջանի հասցեին չեմ արել: Ընդհակառակը, ամեն ինչ շատ կոռեկտ էր: Այո, ես Լեռնային Ղարաբաղի ժողովրդին ողջույններ եմ փոխանցել հարյուր հազարավոր մարդկանցից, որոնք կարեկցում են իրենց, սակայն ես դրանում ոչ մի վատ բան չեմ տեսնում: Եղել են մարդիկ, որոնք կարեկցում են իրենց:
– Իսկ ի՞նչ կասեք Լեռնային Ղարաբաղը ճանաչելու` Մոսկվային ուղղված Ձեր կոչի մասին, որովհետև «Ադրբեջանի և Ղարաբաղի ֆեդերացիայի կամ կոնֆեդերացիայի ստեղծումը հնարավոր չէ»: Դուք չե՞ք հերքում, որ դրանք Ձեր խոսքերն են:
– Չեմ հերքում: Ես ասել եմ այդ բառերը: Բայց ասել եմ ոչ թե նրա համար, որ վիրավորեմ ադրբեջանական կողմը: Ես խոսել եմ այն իրականության մասին, որը, իմ տեսանկյունից, գոյություն ունի: Կոնֆեդերացիան կամ Ադրբեջանի և Ղարաբաղի միավորումը հնարավոր չեն: Ինչ-որ բան կարելի է լուծել միայն ռազմական ճանապարհով: Ես այդ առումով եմ ասել: Ղարաբաղում տրամադրություններն այնպիսին են, որ Ադրբեջանի հետ միավորումը պարզապես հնարավոր չէ պատկերացնել:
– Ինչ էլ որ լինի, Դուք Ադրբեջանի Հանրապետության օրենսդրությունը խախտելու համար «սև ցուցակում» եք հայտնվել: Դուք հասկանում եք, որ այլևս չեք կարող այցելել Ադրբեջան:
– Այդ առումով ես ծրագրում եմ համապատասխան գերատեսչություններին դիմել: Եվս մեկ անգամ կրկնեմ` Ադրբեջան կատարած իմ այցի ժամանակ ես չեմ վիրավորել ադրբեջանցի պաշտոնյաներին, Ադրբեջանի ժողովրդին, որին ես մեծ հարգանքով եմ վերաբերվում: Ես ինստիտուտում սովորել եմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, ճիշտ է մեկ կուրս ցածր եմ եղել: Մենք անգամ ընդհանուր ծանոթներ ունենք: