Home / Հայաստան / ՀՅԴ-ականները փոշմանեցին. նրանք ներկա կլինեն Սերժ Սարգսյանի մասնակցությամբ ճաշին

ՀՅԴ-ականները փոշմանեցին. նրանք ներկա կլինեն Սերժ Սարգսյանի մասնակցությամբ ճաշին

ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի կենտրոնական կոմիտեն, որ խիստ կոշտ հայտարարությամբ մերժել էր մասնակցել սեպտեմբերի 24-ին Լոս Անջելեսում Սերժ Սարգսյանի պատվին տրվելիք ընդունելությունը, հիմա էլ հայտարարել է, որ մասնակցելու է դրան, այսօր այս մասին տեղեկացում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:

«Գոհունակությամբ տեղեկացանք, որ վերանայվել է ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված տոնական ճաշկերույթի բնույթը: Այս ճաշկերույթին մեր չմասնակցելու պատճառը վերացած ենք համարում»,- ասված է շաբաթ օրը նշված ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի կոմիտեի տարածած հայտարարության մեջ:

Թերթի տեղեկություններով, Լոս Անջելեսում ՀՀ հյուպատոսարանը նոր հիրավիրատոմս է ուղարկել ՀՅԴ-ականներին, որտեղ նշված է, թե ընդունելությունը ՀՀ Անկախության 20-ամյակի առիթով է և ոչ թե Սերժ Սարգսյանի պատվին, ինչպես նշված էր նախկինում. փոխվել են միայն դաշնակցականների հրավիրատոմսերը:

ՀՅԴ բյուրոյից նույնպես հաստատել են այս տեղեկությունները, որ նախորդ շաբաթ Փարիզում հանդիպում է եղել ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի ԿԿ և ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչների մասնակցությամբ: Բյուրոյից հանդիպմանը մասնակցել են Հրանտ Մարգարյանը և Վահան Հովհաննիսյանը: Հենց այս հանդիպումից հետո էլ Լոս Անջելեսի ՀՅԴ-ականները փոխել են իրենց որոշումը: