Այսօր Երևանի քաղաքապետարանում պետք է որոշվեր Կորյուն-Աբովյան հատվածում գտնվող գետնանցումի գնման համար հայտարարված մրցույթի հաղթողը, սակայն տեղի ունեցած քննարկումից հետո քաղաքապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ հաղթողի անունը կհայտարարվի ուրբաթ` 16:00-ին:
Epress.am-ի հետ զրույցում այս մասին ասել է գետնանցումում աշխատող Գագիկ Բադալյանը, ով այլ առևտրականների հետ երեկ և այսօր բողոքի ակցիա էր անցկացնում քաղաքապետարանի շենքի մոտ:
«Ոնց որ թե ուզում են ի նպաստ ժողովրդի որոշում կայացնեն, բայց դա դեռ հարց ա, հուսով ենք, որ սա ուղղակի փափուկ բարձ չի, որ դնում են մեր գլխի տակ»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ այդ տարածքի վաճառքի մրցույթին ներկայացված են երեք դիմողներ՝ «Գետնանցում» ՍՊԸ-ն, որը հիմնել են Աբովյանի գետնանցումում աշխատողները, ովքեր առաջարկել են 255 միլիոն դրամ, 455 միլիոն դրամ առաջարկած «Անցում-1» ՍՊԸ-ն և Աշոտ Օհանյան անունով գործարարը, ով առաջարկել է 400 միլիոն: