Home / Հայաստան / «Թող տեսնեն` եկել ենք». Զոհված զինծառայողների ծնողների ակցիան ռազմաշքերթի օրը

«Թող տեսնեն` եկել ենք». Զոհված զինծառայողների ծնողների ակցիան ռազմաշքերթի օրը

Այսօր 10:00-ին Հանրապետության հրապարակում մեկնարկելիք ռազմական շքերթից առաջ Հայաստանի զինված ուժերում տարբեր տարիներին զոհված զինծառայողների ծնողները փորձել են ակցիա անցկացնել: Նրանք ձեքերում բռնել էին պաստառներ, որոնց վրա պատկերված էին զոհված զինծառայողները: Ոստիկանությունը թույլ չի տվել, որպեսզի ծնողները առաջ շարժվեն` կանգնեցնելով նրանց Հանրապետության հրապարակ կայարանի մոտ:

Ակցիայի սկզբում լրագրողներին և քաղաքացիներին թույլ չէին տալիս լուսանկարել: Ոստիկաններն անգամ խլել են 2010 թվականի բանակում սպանված Արտակ Նազարյանի քրոջ, լրագրող Ծովինար Նազարյանի ֆոտոխցիկը, որը հետո վերադարձրել են:

Ավելի ուշ Epress.am-ի օպերատորին թույլ են տվել նկարահանել ակցիայի ընթացքը:

Բանակում զոհված զինծառայողների ծնողները Epress.am-ի թղթակցի հետ զրույցում նշել են, որ դեռևս երեկ նրանցից մի քնաիսին զանգահարել են ռազմական ոստիկանությունից և հորդորել են չմասնակցել այսօրվա ակցիային: Չնայած դրան, մոտ 10-15 մարդ մասնակցեց ակցիային:

Երբ ակցիայի մասնակիցներն ու ոստիկանները կանգնած էին միմյանց դեմ, ծնողներից մեկը պայուսակից հանեց թերթի մեջ փաթաթած խունկ և փայտ ու ասաց ոստիկաններից մեկին.

 

«Ռումբի՞ ա նման: Խունկ ու փայտ ա, էստեղից գնալու եմ տղուս մոտ»:

 

Ռազմաշքերթի մեկնարկից հետո ոստիկանության փոխգնդապետ Խաչիկ Ավետիսյանն առաջարկեց ծնողներին ուղեկցել Հանրապետության հրապարակ և առաջին շարքից հնարավորություն տալ հետևել ռազմաշքերթին: Ավետիսյանը մի պայման առաջադրեց` պաստառները հրապարակ չտանել:

Ծնողները համաձայնեցին` «մեզ առանց այդ էլ դեմքով ճանաչում են, թող տեսնեն, որ եկել ենք», և կարմիր բերետավորների ուղեկցությամբ մտան Հանրապետության հրապարակ: