Այսօր առավոտյան Երևանի կենտրոնական հրապարակում գտնվում էին մարդիկ, որոնք ոչ միայն ոչ մի կապ չեն ունեցել անկախության ձեռքբերման հետ, այլև նրանցից շատերn ամեն ինչով պայքարել են այդ անկախության դեմ: Այս մասին այսօր ՀՀ անկախության 20-ամյակի կապակցությամբ Հայ Ազգային Կոնգրեսի կազմակերպած ընդունելության ժամանակ հնչեցրած իր խոսքում հայտարարել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:
«Նրանք այսօր բեմերից, հեռոււստատեսություններից այնպսիսի ճառեր են ասում, կարծեք, իրենք են կերտել այդ անկախությունը: Սրանով մեկ անգամ ևս նրանք պարզապես պղծում են այդ սուրբ գաղափարը: Դուք բախտավոր սերունդ եք, որովհետև պատմության մեջ շատ քիչ սերունդների է հաջողվում վերականգնել պետականությունը և անկախություն ձեռք բերել: Եթե կուզեք՝ մեր պատմության մեջ եղել է մի երեք-չորս դեպք, ոչ ավելի: Անկախությունը հաջողվել է վերականգնել 9-րդ դարում Բագրատունիներին, 12-րդ դարում հաջողվել է վերականգնել Ռուբինյաներին: 1918 թվականին հաջողվել է վերականգնել Արարատյան Հայաստանի ժողովրդին, չորրորդը՝ դուք եք, մենք ենք: 1000 տարի հետո պիտի ասեն՝ չորրորդ անգամ անկախությունը վերականգնվեց այս սերնդի կողմից», – ասել է Տեր-Պետրոսյանը:
Նրա խոսքով՝ անկախության վերականգնումից քսան տարի հետո «մենք գրեթե կանգնած ենք նույն խնդրի առջև, մենք այսօր պետք է վերանվաճենք մեր անկախությունը, որովհետև այն մարդիկ, որոնք այսօր ղեկավարում են Հայաստանը, հոգու խորքում իրենց անկախ չեն զգում, այսօր նրանք իրենց համարում են օտարների ճորտ»:
«Եվ մինչև այդ իշխանություններից Հայաստանը չազատվի, մենք լիարժեք անկախություն չենք ունենա: Ուրեմն ձեզ բախտ է վիճակվելու կրկին վերանվաճել մեր անկախությունը», – եզրափակել է ընդդիմության առաջնորդը: