Այսօր ժամը 09:00-ին Երևանի կենտրոնում` Սարյանի պուրակում ակտիվիստների մի խումբ բողոքի ակցիա էր անցկացնում օտար զորախմբերի և դրոշների դեմ: Հիշեցնենք, որ այսօր ռազմաշքերթին կմասնակցի Գյումրիում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ստորաբաժանումը Ռուսաստանի դրոշի ներքո:
Բողոքի ակցիայի կազմակերպիչները հավաքվեցին Սարյանի պուրակում` նպատակ ունենալով քայլերթ սկսել ի նշան բողոքի, սակայն ոստիկանները խոչընդոտեցին ակցիայի անցկացումը: Նրանք խլեցին ակցիայի մասնակիցները պարզած պաստառները, որոնց վրա գրված էր «Հայաստանը Ռուսաստանի մասը չէ», «Անկախ Հայաստան»:
Ինչպես հաղորդում է Epress.am-ի թղթակիցը, ոստիկաններին մոտեցավ ակցիայի կազմակերպիչներից մեկը` Գյումրիի «Ասպարեզ» ժուռնալիստների ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը: Կարճ զրույցից հետո ակցիայի մասնակիցները, այնուամենայնիվ, պարզեց եռագույն դրոշները և, վանկարկելով «Ազատ, անկախ Հայաստան», առաջ շարժվեցին:
Ոստիկանները չհապաղեցին մոտենալ ակտիվիստներին և նրանց երկուսին նստեցրեցին ոստիկանական մեքենաներ և հեռացան Սարյանի պուրակից դեպի Կենտրոնի ոստիկանություն: Բերման ենթրակված ակտիվիստներն էին Լևոն Բարսեղյանը և Facebook սոցիալական ցանցում քայլերթի մասին էջ ստեղծած Arno Kur օգտատերը:
Ինչպես հաղորդում է Epress.am-ի թղթակիցը այժմ Կենտրոնի ոստիկանության մոտ հավաքվել են ակցիայի մասնակիցները, ինչպես նաև իրավապաշտպաններ և լրագրողներ: