Առավոտյան Սարյանի պուրակից բերման ենթարկված «Ասպարեզ» ժուռնալիստների ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը րոպեներ առաջ Epress.am-ի թղթակցի հետ հեռախոսազրույցում ասել է, որ ինքը և ակտիվիստ Arno Kur-ը դեռևս գտնվում է «Կենտրոնի» ոստիկանությունում:
«Քաղմասում նստած, շքերթ ենք նայում», -ասել է Բարսեղյանը:
Նրա խոսքով` իրենք հրաժարվել են ցուցմունք տալ: Epress.am-ի թղթակցի այն հարցին, թե ինչպես է ինքը գնահատում բերման ենթարկելու փաստը, Բարսեղյանը պատասխանել է. «Հիմարություն է»:
Ինչպես հայտնել ենք ավելի վաղ, այսօր առավոտյան մի խումբ ակտիվիստներ փորձել են Սարյանի պուրակից քայլերթ սկսել` ի նշան բողոքի ՀՀ անկախության օրվան նվիրված ռազմաշքերթին ռուսաստանյան ստրաբաժանման մասնակցության: Ոստիկանները խոչընդոտել են երթի անցկացումը` խլելով պաստառները և բերման ենթարկելով Լևոն Բարսեղյանին և Facebook սոցիալական ցանցում Arno Kur անվամբ հանդես եկող օգտատերին, ով քայլերթի էջ էր ստեղծել: