Սեպտեմբերի 25-ին, ժամը 13:00-ից Ազատության հրապարակում տեղի կունենա ցուցահանդես, որի կազմակերպիչներն ցանկանում են այն հակադրել անկախության 20-ամյակին նվիրված միջոցառումներին թե’ իրականացման մղումներով ու միջոցներով, թե’ բովանդակությամբ և բնույթով:
Միջոցառմանը մասնակցում են Արման Գրիգորյանը, Դավիթ Կարեյանը՝ Դիանա Հակոբյանի կատարմամբ (Դավիթ Կարեյանը մահացել է 2011 թվականին հունվարի 3-ին – խմբ.), Եվգինե Մարտիրոսյանը, Լևոն Ֆլջյանը, Կարեն Բարսեղյանը, Հարություն Զուլումյանը (համագործակցությամբ Նարինե Մանասերյանի), Նարինե Զոլյանը, Սահակ Պողոսյանը, Սամվել Սաղաթելյանը:
«Բաց տարածքում կազմակերպվող այլընտրական ցուցահանդեսի ավանդույթն այն ձևաչափն է, որը, մի կողմից, նշում է արտիստական արարքի հանրային նշանակությունը, մյուս կողմից վեր հանում ժամանակակից արվեստի տեղի և գոյի խնդիրը. վերջինիս ինստիտուցիոնալ համակարգի կայացման բարդություններն հուշում են անկախ երկրում դրա՝ «օդից կախված» կարգավիճակը»,- ասված է կազմակերպիչների հայտարարության մեջ:
Արվեստագետները նշում են, որ փորձում են կազմաքանդել և վերաձևակերպել իրականում անժխտելի արժեք հանդիսացող «անկախության»՝ ներկա իշխանական կոդերը:
Նրանք կասկածի են ենթարկում 20 տարիների ընթացքում երկրում սերմանված քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային արժեհամակարգը, փաստում իրողությունների հարաբերականությունը: