Պլանային վերանորոգման մեջ գտնվող Հայկական ատոմակայանի վերագործարկումը վտանգված է։ «Հայկական ժամանակի» տեղեկություններով` ՀԱԷԿ-ի ինժեներա-տեխնիկական անձնակազմի 158 աշխատակից սեպտեմբերի 20-ին ազատման դիմում է ներկայացրել։ Ատոմակայանը 46 օր տևող պլանային վերանորոգման մեջ է սեպտեմբերի 5-ից։ Ազատման դիմում ներկայացրածները հիմնականում ՀԱԷԿ-ի այն մասնագետներն են, առանց որոնց անհնար է ատոմակայանը շահագործել։ Դիմում գրած աշխատակիցները պահանջում են վերանայել աշխատավարձերը։
Նրանք դեռևս մեկ ամիս առաջ Սերժ Սարգսյանին, Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին և ՀԱԷԿ-ի ղեկավարությանը դիմում են ներկայացրել և խնդրել բարձրացնել աշխատավարձերը։ Աշխատակիցները ՀՀ ղեկավարությանը տեղեկացրել են, որ գների վերջին թանկացումներից հետո 120 կամ 150 հազ. դրամ աշխատավարձով չեն կարող իրենց ընտանիքների սոցիալական խնդիրները լուծել և զգուշացրել են, որ եթե մինչև սեպտեմբերի 20-ը խնդիրը լուծում չստանա, ապա ստիպված կլինեն ազատման դիմում գրել, ինչը և արել են, գրում է «Հայկական ժամանակը»: