Մոտ ապագայում Հարավային Կովկասը քաղաքական և ռազմական առումներով կմասնատվի: Վրաստանը կգնա դեպի Արևմուտք, իսկ Հայաստանն ու Ադրբեջանը, մոռանալով անգամ ղարաբաղյան հիմնախնդրի մասին, ստիպված կլինեն հաշվի առնել այն բոլոր արտաքին քաղաքական գործոնները, որոնք դասավորվելու են Հարավային Կովկասի պարագծի ուղղությամբ: Այս մասին SalamNews-ի հետ զրույցում հայտարարել է ռազմավարական զարգացման մոդելավորման Կենտրոնի առաջին փոխնախագահ, ռուսաստանցի քաղաքագետ և փորձագետ Գրիգորի Տրոֆիմչուկը:
«Մինչ այդ Սիրիայում իրավիճակն ավելի ծայրահեղական կդառնա: Եվ արդեն Հայաստանը, Ադրբեջանն ու Ռուսաստանը ժամանակ չեն ունենա շարունակել քննարկել անվերջ ձգձգվող ղարաբաղյան հիմնախնդիրը: Նրանց շուրջ խնդիրներ կառաջանան, որոնք կարճ հեռանկարում ավելի վտանգավոր կդառնան, քան ղարաբաղյան խնդիրը: Այդ իսկ պատճառով, նրանք պետք է հավաքվեն և մտածեն, այդ թվում նաև այդ հարցերի շուրջ: Հակառակ դեպքում` ուշ կլինի: Դատելով Թուրքիայի ակտիվությունից` կարող ենք ասել, թե որքան արագ են զարգանում իրադարձությունները Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում: Այդ իսկ պատճառով վերոնշյալ պետություններին անհրաժեշտ է տալ տեղի ունեցող իրադարձությունների աշխարհաքաղաքական գնահատականը»,- հայտարարել է քաղաքագետը: