Սեպտեմբերի 4-ին Եղեգնաձոր քաղաքի բժշկական կենտրոնում նորածնի մահ է արձանագրվել։ Ծննդկանի նկատմամբ նախածննդյան հսկողություն է իրականացրել Վայքի հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքի վարիչ Մետաքսյա Հովհաննիսյանը, հայտնում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:
Թերթը հիշեցնում է, որ վերջինիս անունը հանրությանը հայտնի դարձավ, երբ Վայոց ձորի Գնդեվազ գյուղի մի բնակչուհու նորածինը օգոստոսի վերջին Վայքի ծննդատանը ծնվելուց հետո ծանր վիճակում տեղափոխվել էր Երևանի «Մուրացան» հիվանդանոց, որտեղ էլ մի քանի օր անց մահացել էր։ Այս ծնունդն ընդունել էր Հովհաննիսյանը, ինչից հետո ծննդկանի հարազատները նրան մեղադրեցին ամենատարբեր թերացումների մեջ։ ՀՀ ԱՆ մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը երեկ թերթի թղթակցին փոխանցել է, որ իրենք օպերատիվ ուսումնասիրել են սեպտեմբերի 4-ի դեպքը և ունեն նախնական եզրակացություն։ Ըստ այդմ, նորածնի մոտ եղել է ներարգանդային թոքաբորբ, որն էլ նրա մահվան պատճառ է դարձել։ Վարչության պետի խոսքով, բժշկական սխալ չի եղել ինչպես նախածննդյան հսկողություն իրականացրած բժշկուհու, այնպես էլ Եղեգնաձորի բուժկենտրոնի բժիշկների կողմից։ Ավելին, ըստ Կարինե Սարիբեկյանի, Եղեգնաձորի բժիշկների ջանքերով փրկվել է ծննդկանի կյանքը,գրում է «Հայկական ժամանակ»-ը: