Այն ֆուտբոլիստները, ովքեր ցանկություն չունեն խաղալ Հայաստանի ազգային հավաքականում, տեղ չունեն ընտրանու կազմում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյան` նկատի ունենալով Եկատերինբուրգի «Ուրալի» պաշտպան Դենիս Թումասյանին, ով վերջին երկու խաղերից առաջ (Անդորրայի և Սլովակիայի) հրավիրվել էր հավաքական, սակայն չէր ժամանել:
«Էն մարդը, ով չի ուզում ազգային հավաքականում խաղա, խնդրելով, կաշառելով, համոզելով պետք չի մեզ: Թումասյանը ինչի՞ չեկավ, դիմեք Թումասյանին: Ես տենց մարդ չեմ ճանաչում, չեմ ուզում…և դա հայ էլ չի: Ուղղակի ազգանունն ա հայի, ես էդ վերջերս եմ ճշտել, ինքը հայ էլ չի, ոչ հայրը, ոչ մայրը հայ չեն: Քանի ես ֆեդերացիայի նախագահ եմ, նա Հայաստանի հավաքական ոտք չի դնի», – խոստացել է Հայրապետյանը:
Ինչ վերաբերում է Արազ Օզբիլիսին, Հայրապետյանը նշեց, որ հոլանդական «Այաքսի» կիսապաշտպանը նորից հրավիրվել է հավաքական, սակայն առայժմ նրա մասնակցությունը հարցականի տակ է:
«Արազ Օզբիլիսը ցանկություն ունի խաղա մեր հավաքականում: Նրան նորից հրավերքը ուղարկել են, ուղղակի ցավում եմ, քանի որ 2 օր առաջ Օզբիլիսը նորից վնասվածք ստացավ», – ասաց ՀՖՖ նախագահը:
Կանանց ֆուտբոլին վերաբերող հարցերին Հայրապետյանը ընդհանրապես չցանկացավ պատասխանել` սահմանափակվելով միայն մեկ նախադասությամբ. «Հայաստանում կանանց ֆուտբոլը չի զարգացել, չի զարգանա և ես ցանկություն էլ չունեմ զարգացնել»:
Լուսանկարը` ՀՖՖ-ի պաշտոնական կայքից