ՀՀ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում Նյու-Յորքում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 22-ին հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ռոբերտ Բրադկեի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ:
Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ-ն, հանդիպմանը շարունակվել են քննարկումները արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի շուրջ:
Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կրկին անգամ ընդգծել է, որ բանակցություններում հնարավոր է առաջընթաց արձանագրել այն պարագայում, եթե Ադրբեջանը հետ վերցնի այն տասը փոփոխությունները, որոնք նա առաջ է քաշել Կազանում:
Անդրադարձ է կատարվել նաև 2010թ. հոկտեմբերի 27-ի Աստրախանի գագաթաժողովին շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ պայմանավորվածության իրագործմանը: