Այսօր վաղ առավոտյան Երևանի Մյասնիկայնի պողոտայում տեղի ավազակային խմբի աղմկահարույց վնասազերծման կապակցությամբ ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել:
Համաձայն պաշտոնական տեղեկատվության, վնասազերծված հանցավոր կայուն խումբը կասկածվում է մայրաքաղաքում իրականացված ծանր հանցագործություններ կատարելու մեջ:
Ոստիկանությունը նշում է, որ հանցավոր խումբը ծրագրում էր իրականացնել նոր հանցագործություն, ինչը ձախողվել է ոստիկանության ձեռնարկած միջոցառումների արդյունքում: Հանցավոր խմբի անդամները ոստիկանության աշխատակիցներին ցուցաբերել են զինված դիմադրություն, ինչը հաջողվել է կանխել: Խմբի անդամների մոտից հայտնաբերվել և առգրավվել է մեծ քանակությամբ զենք և զինամթերք, հանցագործության գործիքներ:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) և 235-րդ հոդվածի հատկանիշներով: Բերման է ենթարկվել 13 անձ: Ոստիկաններին դիմադրություն ցույց տված և փախուստի դիմած անձանցից մեկը մահացել է:
Նշենք, որ ավելի վաղ դեպքի վայրից ականատեսները հաղորդել էին, որ հանցագործների վթարի ենթարկված Mercedes մակնիշի մեքենան բախվել էր սյանը, որից միջից փախուստի դիմաց անձը փորձել է բարձրանալ դիմացի ժայռի վրա, սակայն ընկել և մահացել է:
Ոստիկանությունն ասվում է, որ պարզվել է տվյալ անձի ինքնությունը, սակայն հաղորդագրության մեջ նրա անունը չի նշվում:
Այժմ կատարվում է նախաքննություն պարզելու բերման ենթարկված անձանց մեղսակցությունն ու դերակատարության աստիճանը մայրաքաղաքում տեղի ունեցած ծանր հանցագործություններին:
Ոստիկանությունը պաշտոնապես նշել է նաև, որ ինտերնետային լրատվամիջոցների հրապարակումները, թե որպես հանցավոր խմբի անդամ բերման ենթարկվածների թվում են տարբեր բարձրաստիճան պաշտոնատար անձանց որդիներ իրականությանը չի համապատասխանում: