Այսօր վաղ առավոտյան ոստիկանության կողմից հետապնդման հետևանքով Մյասնիկյան պողոտայում սյանը բախված Mercedes մակնիշի ավտոմեքենայում գտնվող երկու տղամարդիկ ձերբակալվել են: Այս մասին Epress.am-ի թղթակցին դեպքի վայրում պատմել է ականատեսներից մեկը:
Ոստիկանության փոխանցմամբ` հանցագործներից մեկը փորձել է փախուստի դիմել, բարձրացել է մոտակա ժայռը, որտեղից ընկել է և մահացել:
Ըստ մեր աղբյուրների` հանցավոր խմբի մեկ անդամի հաջողվել է փախուստի դիմել: Մայրաքաղաքի կենտրոնում շարունակվում է նրա հայտնաբերմանն ուղղված ուժայինների գործողությունը. զրահաբաճկոններով և ավտոմատներով զինված համապատասխան ծառայությունների դիմակավոր աշխատակիցները կանգնեցնում և ստուգում են գրեթե բոլոր ավտոմեքենաները:
Ըստ չճշտված տեղեկությունների` հանցախումբը մոտ կես տարի առաջ ավազակային հարձակում է իրականացրել «Լինսի» հիմնադրամի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի տան վրա:
Epress.am-ն այս պահին ասեկոսեների մակարդակով տեղեկատվություն է ստանում այն մասին, որ ձեռբակալվածների մեջ կան Հայաստանի և ԼՂՀ-ի բարձրաստիճան պաշտոնյանների հարազատներ` դատախազի որդուց մինչև ԼՂՀ Պաշտպանության փոխնախարար, գեներալ Սամվել Կարապետյանի (Օգանովսկի) բարեկամ:
Նշենք, որ Երևանի Կենտրոնի ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Արմեն Մալխասյան հաստատում է, որ «ծանր հանցագործության մեջ կասկածվող անձանց վնասազերծելու նպատակով` քաղաքում օպերատիվ միջոցառումներ են իրականացվում»: Այլ մանրամանսեր նա չի հաղորդում: