Կողբացի 42, Պուշկինի 40, Տերյան 23, 25 Լալայանց 37 շենքերի բնակիչներն այսօր ակցիա են անցկացրել՝ բողոքելով իրենց բակում բարձրահարկ շենքի կառուցման դեմ:
Հիշեցնենք, որ գործարար, Հ2 հեռուստաընկերության սեփականատեր Սամվել Մայրապետյանին պատկանող «Լոկալ դեվելոփերս» ընկերությունը բարձրահարկ շենքի կառուցապատում է իրականացնում տվյալ բակում:
Բողոքող բնակիչների խոսքով` այդ կառուցապատման հետևանքով խախտվել են, թե քաղաքաշինական, թե ճարտարապետական, թե էկոլոգիական և թե սեյսմիկ անվտանգության նորմերը, բացի դա, երեխաները զրկվել են բակում խաղալու հնարավորությունից:
Վերոնշյալ շենքերի բնակիչների խնդիրներով զբաղվող Վարդան Գերավետյանն այսօր բարձրախոսով դիմել է այդտեղ շինարարություն իրականացնող շինարարներին՝ ասելով հետևյալը.
«Մեր բնակիչները դիմում են ձեզ, մենք շատ հարգում ենք ձեր աշխատանքը, դուք ընտանիքներ եք պահում: Այս ծանր սոցիալական իրավիճակում դուք ստիպված եք կատարել այն ինչը, որ ձեզ առաջարկում են, բայց դուք ինչ-որ անում եք, անում եք մեր առողջության և կյանքի հաշվին: Ամեն օր որ դուք սկսում եք էս շինարարությունը, հիշեք, որ դուք մեզ դանդաղ սպանում եք: Դուք կամակատար եք հանդիսանում Սամվել Մայրապետյանների ու իրա նմանների, որոնք այս քաղաքը ապականել են», – ասել է Գերավետյանը:
Նա կոչ է արել շինարարներին դադարեցնել այդ շինարարությունը, «քանի որ վաղը ձեր նման շինարարներն էլ գնալու են ու քանդեն ձեր տները, ու էլի ասեն, որ ընտանիք են պահում»:
«Մենք փորձելու ենք ձեզ խանգարել: Դուք փորձելու եք փող աշխատել: Դուք էլ եք ճիշտ, մենք էլ ենք ճիշտ: Բայց դուք անում եք կամքը այն մարդկանց, որոնք բերել են այս երկրիը այն վիճակին, որ դուք վատ եք ապրում: Լավ հիշեք, որ ամեն օր հենց գալիս եք սկսեք այս շինարարությունը, դուք մեզ վատություն եք անում: Բարով մնաք,, մենք ձեզ էլի խանգարելու ենք»,- ասել է Գերավետյանը:
Ինչպես հաղորդում է Epress.am-ի թղթակիցը, այնուհետև նա շինարարների ղեկավարից փորձել է տեղեկանալ, թե արդյոք նրանք ունեն համապատասխան թույլտվություն այդտեղ շինարարություն կատարելու համար:
Ղեկավարը, ով չի ցանկացել ներկայանալ, Գերավետյանին մի թուղթ է ներկայացրել քաղաքապետ Կարեն Կարապետյանի ստորագրությամբ` ստորագրված օգոստոսի 25-ին, համաձայն որի 450 քմ քանդում պետք է իրականացվի:
Փաստաթղթում նշված է եղել, որ բացի ինչ-որ համալիրից, որն այս պահին կառուցվում է, տվյալ վայրում նաև բնակելի շենք է կառուցվելու:
Այս փաստը բնակիչների համար նորություն էր:
Լսելով այս ամենը` մի տիկին բղավել է. «Մի հատ էլ ստեղ թող իրանց համար դամբարան կառուցեն, պրծնեն»:
Գերավետյանը տեղեկացրել է, որ իրենք ցանկանում են վերջին զգուշացումն անել կառուցապատողներին:
Նրա խոսքով` այս հարցի վերաբերյալ իրենք խոսել են թե’ քաղաքապետի հետ, թե’ Կենտրոն համայնքի ղեկավարի հետ, սակայն ոչ մի արդյունք զրույցները չեն տվել:
Բնակիչները նաև մեղադրանքներ են ներկայացրել Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանին, ով հանդիսացել է Երևանի կենտրոնում էլիտար շենքերի կառուցման համար թույլտվություն տվողը:
Վերոնշյալ շենքերի բնակիչները նաև դատական հայց են պատրաստել այս խնդրի հետ կապված, որը շուտով կներկայացնեն դատարան: Իսկ եկող հինգշաբթի նրանք Կառավարության շենքի առջև տարբեր խնդիրներով բողոքողների կողքին կբարձրաձայնեն իրենց խնդրի մասին: