Ինչպես և ՀՀ ոստիկանությունը, ՀՀ դատախազություն նույնպես հերքել է այն փաստը, որ երեկ առավոտյան վնասազերծված հանցավոր խմբի անդամներն են բարձրաստիճան պաշտոնյաների որդիներ: Ոստիկանության և դատախազության գրեթե համանման տեքստերի վերջում տարբերություն կա. ի լրումն` դատախազության մամուլի ծառայությունը նշում է, որ «ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի, Վերաքննիչ քրեական դատարանի նախագահի որդիները բերման չեն ենթարկվել»:
«Ինչ վերաբերում է ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալի որդուն, ապա նա բերման է ենթարկվել Երևանի պետական համալսարանի մոտակայքից՝ մի շարք մեքենաների պատկանելիությունը ճշտելու ուղղությամբ իրականացվող միջոցառումների շրջանակներում ի թիվս այլ անձանց», – ասված է ՀՀ դատախազության հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ երեկ առավոտյան ՀՀ ոստիկանությունը օպերատիվ միջոցառումների արդյունքում ձերբակալել է ավազակային հանցագործություններ իրականացրած հանցավոր խմբի 13 անդամների, մեկը մահացել է քննչական գործողությունների ընթացքում` փախուստի դիմելով և ընկնելով ժայռից: