Սեպտեմբերի 23-ի երեկոյան Նյու Յորքում անհայտ մեկը փորձել է հարձակում գործել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վրա, հայտնում է Mignews.com-ը:
Միջադեպը տեղի է ունեցել այն պահին, երբ պաղեստինյան վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբասը ելույթ էր ունենում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի առջև: Թիկնապահները վայրկենապես արձագանքել են տղամարդու գործողություններին: Թուրքիայի վարչապետը չի տուժել: Միջադեպին վկա է եղել Իսրայելի տեղեկատվության և սփյուռքի նախարար Յուլի Էդելշտեյնը:
«Դա ծայրահեղ ագրեսիվ միջադեպ էր: Թվում էր, թե տղամարդը ցանկանում է հարձակվել Թուրքիայի վարչապետի վրա, ով շրջապատված էր ոչ փոքրաթիվ թիկնազորով: Դա, կարծես, դրվագ էր ֆիլմից, որտեղ ինչ-որ մեկին ցանկանում են պատանդ վերցնել, տղամարդը ցանկանում էր մոտենալ Էրդողանին և հարձակվել նրա վրա», – ասել է նախարարը:
Միջադեպի պատճառները հայտնի չեն, սակայն չի բացառվում, որ դա կապված լինի այն պայքարի հետ, որ Էրդողանը քրդերի դեմ է տանում: