Home / Հայաստան / «Ինձ համար մեծ պատիվ կլիներ հայ լինելը». Սահակաշվիլի

«Ինձ համար մեծ պատիվ կլիներ հայ լինելը». Սահակաշվիլի

«Կրոնական միաբանությունների» մասին օրենքը կընդունվեր, եթե անգամ 100,000 մարդ դուրս գար փողոց: Այս մասին վրացական «Հատուկ ռեպորտաժ» ծրագրի շրջանակներում հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին:

Նախագահի խոսքով` 8 տարի առաջ, երբ քննարկվում էր այդ օրենքի ընդունման նախագծիը, Թբիլիսիի փողոցներ դուրս եկան մոտ 100 հոգի և բողոքի ակցիա կազմակերպեցին: Այդ տարիների իշխանությունները հետաձգեցին օրինագծի  քննարկումը: Ինչպես նշել է Միխեիլ Սահակաշվիլին, կոմունիստական ռեժիմին ձեռք չէր տալիս կրոնական հանդուժողականությունը, քանի որ նրանք դրանում վտանգ էին տեսնում:

«Ով որ այդ թեման է առաջ մղում, խորհրդային դարաշրջանի դասական կոմունիստական մնացորդ է հանդիսանում: Նրանք հին կարմիր աստղեր ունեն: Դա կայսրության կառավարման մեթոդն էր: Քաղաքական գործիչների բացարձակ մեծամասնությունը այդ կողմում հայտնվեց: Դավիդ Աղմաշենեբելին (1089-1125 թթ. կառավարած վրաց թագավոր – խմբ.) սինագոգ էր այցելում, մզկիթ, քրիստոնեական եկեղեցի, հայկական եկեղեցի:

Թամար թագուհու (1184—1209/1213թթ. վրաց թագուհի, որի անվան հետ է կապված Վրաստանի ոսկե դարը- խմբ.) ընտանիքի ներկայացուցիչների մեծ մասը էթնիկ վրացիներ չէին: Մենք հզոր գործիչներ ենք ունեցել, որոնց կամ հայրը կամ մայրը էթնիկ հայեր էին կամ այլ ազգի ներկայացուցիներ: Վրաստանը կազմված է այդ բոլոր էթնիկ խմբերից: Միխայիլ Թամարաշվիլին (19-20-րդ դարերի հոգևորական, հասարակական գործիչ, աստվածաբանության դոկտոր, պրոֆեսոր-խմբ.), Սուլխան Սաբա Օրբելիանին (17-18-րդ դարերի վրացի գրող, գիտնական և քաղաքական գործիչ-խմբ.), այս մեծ վրացիները կաթոլիկ էին: Էլ չեմ խոսում Վանո Մերաբիշվիլիի (20-րդ դարի վրացի քաղաքական և ռազմական գործիչ) մասին, նրա մեծությունը պատմությունն է գնահատում»,-հայտարարել է Միխեիլ Սահակաշվիլին:

Վրաստանի նախագահի խոսքով, Վրաստանը մեծ քաղաքակրթություն ունեցող երկիր է հանդիսանում:

«Հայաստանի հեռուստաալիքներից մեկի ներկայացուցիչները եկել էին, որպեսզի ինձանից հարցազրույց վերցնեին: Նրանք ինձ ասացին, որ գիտեն իմ հայկական ծագման մասին, և հավելեցին, որ վախենում են` ինձ մոտ բարդույթ առաջանա այդ առնչությամբ: Ես նրանց պատասխանեցի, որ ինձ համար մեծ պատիվ կլիներ հայ լինելը: Միակ խնդիրը նրանում է, որ ես հայ չեմ:

Մեկ այլ հաղորդման ժամանակ խորհրդային դարաշրջանի մնացորդը դուրս թռավ տեղից և ասաց, որ Սահակաշվիլին հայ է: Ինձ զանգահարեց իմ մայրն ու ասաց, թե ինչու ոչ ոք չասաց, որ հայ չեմ: Մենք բոլորս  էթնիկ խմբերի միասնություն ենք, մեծ քաղաքակրթություն ունեցող երկիր»,-ընդգծել է Վրաստանի նախագահը: