Կիրակի երեկոյան իսպանական Կատալոնիայի մայրաքաղաք Բարսելոնայում կայացել է տարածաշրջանի պատմության մեջ վերջին ցլամարտը: Երեք հանրաճանաչ մատադորներ պայքարել են 6 ցլերի դեմ Լե Մոնումենտալ թատերահարթակում: Սա ցլամարտի մասնակիցների ավանդական քանակն է, սովորաբար ամեն մատադոր երկու ցլերի հետ է մարտնչում: Մարդու և կենդանու միջև պայքարը ընթանում է մոտ 20 րոպե, այդ ընթացքում, որպես կանոն, ցուլը մի քանի վնասվածք է ստանում, իսկ վերջում մատադորը նրան վերջին մահացուցիչ հարվածն է հասցնում:
Կատալոնիան իսպանական առաջին տարածաշրջանն է, որտեղ հրաժարվում են ցլամարտից: Մնացած բոլոր շրջաններում ցլամարտեր դեռ անցկացվելու են:
Տեղի խորհրդարանի պատգամավորները հասարակական ճնշման տակ դեմ խոսեցին ցլամարտի գաղափարին: Իրավապաշտպաններին հաջողվել էր ցլամարտի դեմ 180 հազար ձայն հավաքել:
Ի դեպ, վերջին տարիներին ցլամարտի նկատմամբ հետաքրքրությունն իրոք ընկել է: Թեև Կատալոնիայի պատմության մեջ վերջին ցլամարտի տոմսերը սպառվել են անհավանական սեղմ ժամկետներում, իսկ որոշ տոմսերի գները սև շուկայում գերազանցել են նախնական գինը 5 անգամ: