Home / Հայաստան / Հարձակումներ իրականացնող հայաստանյան բանդայի 16 անդամ է ձերբակալված

Հարձակումներ իրականացնող հայաստանյան բանդայի 16 անդամ է ձերբակալված

Երևանի ոստիկանապետ Ներսես Նազարյանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է, որ ավազակային հանցագործություններ կատարելու մեջ կասկածվող  խմբի գործով այս պահի դրությամբ ձերբակալված է 16 մարդ, որոնց խափանման միջոցի հարցը կորոշվի առաջիկայում:

Նրա փոխանցմամբ` այս գործի հետ կապված խուզարկությունները շարունակվում են, ինչի արդյունքում բավական մեծ քանակությամբ զենք-զինամթերք է հայտնաբերվել:

Այն հարցին, թե նա արդյոք շարունակում է համոզված լինել, որ հայտնաբերված խումբը հենց այն խումբն է, որը վերջին շրջանում Երևանում մի շարք ավազակային հարձակումներ էր իրականացրել և ծեծի ու սպառնալիքների միջոցով մեծ չափի գումարներ հափշտակել, Երևանի ոստիկանապետն ասաց, որ լիովին համոզված է դրանում, և ապացույցներով դրանք հիմնավորված են:

Ի պատասխան այն հարցին, թե ճիշտ են արդյոք մամուլում տեղ գտած այն տեղեկությունները, որ ավազակության մեջ կասկածվողներից տետր է հայտնաբերվել, որտեղ նշված են եղել պաշտոնյաների և գործարարների տվյալներ ու հասցեներ, Ներսես Նազարյանը նշել է, թե միայն կարող է ասել, որ իր ասածը հիմնավորված է և շատ հանցագործություններ էլ նախականխման աշխատանքների արդյունքում կանխվել են։

Երևանի ոստիկանապետի փոխանցմամբ` շատ մեծ ցանց է գործել, այլ խոսքով` կազմակերպված հանցավոր խումբ, բանդա։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ի առավոտյան ՀՀ ոստիկանությունը օպերատիվ միջոցառումների արդյունքում ձերբակալել էր ավազակային հանցագործություններ իրականացրած հանցավոր խմբի 13 անդամների, մեկը մահացել էր քննչական գործողությունների ընթացքում` փախուստի դիմելով և ընկնելով ժայռից: