Դիլիջանի բնակչուհի, 2 երեխաների մայր Գայանե Մնացականյանը կիրակի իր տան միջանցքում կախվել է, գրում է «Հրապարակ» օրաթերթը։
Որդին ու դուստրը, մտնելով տուն և տեսնելով, որ մայրը կախված է, իրենք էլ են փորձել ինքնասպան լինել։
Նրանք կտրել են երակները՝ նախաբազուկների միջային երեսներին բազմաթիվ կտրվածքներ հասցնելով։ Որդին` 25-ամյա էրիկ Մարտիրոսյանը, «Դիլիջան» հանքային ջրերի գործարանի դատարկ տարաների արտադրամասում պահեստապետ է աշխատում։ Դուստրը՝ 23-ամյա Մարինե Մարտիրոսյանն է։ Երկուսի վարքում էլ երբևէ արտասովոր բան չեն տեսել։
Ինչպես գրում է «Հրապարակը», այս պահին երկուսն էլ «Դիլիջան» բժշկական կենտրոնում են, և նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Ըստ ոստիկանության, Մնացականյանի դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Ոստիկանությունը նրանց տանը հայտնաբերել է Քրիստոսի գետնին ընկած, ջարդված նկարներ։
Թերթը նշում է, որ Դիլիջանում շրջանառվող լուրերի համաձայն, տիկին Գայանեն կրոնական մի կազմակերպության համակիր էր: Ենթադրվում է, որ հերթական հավաքից հետո է գնացել այդ քայլին։ Մեկ այլ վարկածի համաձայն, ինքնասպանության պատճառն ամուսնալուծությունն էր։ էրիկն ու Մարինեն, ըստ օրաթերթի աղբյուրների, նախաքննության մարմնին հայտնել են, որ չգիտեն, թե ինչը կարող էր մորը հասցնել ինքնասպանության։
Ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ի մասով՝ սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը։