Լեռնային Ղարաբաղի «Եղնիկներ» զորամասում մահացած 19-ամյա Աղասի Աբրահամյանի հարազատները ստացել են նրա դիակի դատաբժշկական փորձաքննության արդյունքները, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:
Հիշեցնենք, որ Աղասի Աբրահամյանը մահացել էր դաժան ծեծից հետո հոսպիտալում:
Փորձաքննության արդյունքներով զինվորի մահը վրա է հասել գլխուղեղի կենսականորեն կարևորագույն ֆունկցիաների սուր խանգարումից` փակ, բութ գանգուղեղային վնասվածք ստանալու հետևանքով, որն էլ նրա մահվան ուղղակի պատճառն է: Փորձագետները դա հիմնավորել են փորձաքննությամբ հայտնաբերված մի շարք վնասվածքներով, մարմնի տարբեր հատվածներում և օրգաններում առկա արյունազեղումներով: Ըստ այդ փորձագետների`վնասվածքներն առաջացել են Աղասիի մահվանից 6-24 ժամ առաջ, բութ, կոշտ առարկաների հարվածների հետևանքով:
18-ամյա Աղասիի մայրը` տիկին Գայանեն, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշել է, որ իրենք համաձայն չեն դատաբժշկական փորձաքննության հետ, քանի որ այնտեղ նշված չէ, որ Աղասիի ականջը պոկված է եղել, կողքին էլ դանակի հարված: Ասել է նաև, որ իրենք պահանջում են պատժել բոլոր հանցագործներին, որոնք դաժան ծեծել են իր որդուն:
ՀՀ ՊՆ քննչական ծառայության մամլո խոսնակ Մերի Սարգսյանը տեղեկացրել է թերթի թղթակցին, որ երեք սպա և մեկ զինվոր են ձերբակալվել Աղասի Աբրահամյանի մահվան առնչությամբ: Մամլո խոսնակը նշել է, որ նախաքննության շահերից ելնելով`չեն նշում սպաների անուն-ազգանունները:
Սպաներին առաջադրվել է մեղադրանք 375 հոդվածի 1-ին մասով` իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը , պաշտոնական լիազորությունների սահմանն անցնելը, որի համար սպառնում է ազատազրկում` երկուսից հինգ տարի ժամկետով:
Ձերբակալված զինվորին 359 հոդվածի 1-ին մասով`զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվում է անձի պատիվն ու արժանապատվությունը ստորացնելով, նրան ծաղրուծանակի ենթարկելով կամ հալածելով կամ զուգորդվել է բռնություն գործադրելով` պատժվում է կալանքով, առավելագույնը` երեք ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:
«Ժողովուրդը» գրում է, որ սպանության մեղադրանք դեռևս որևէ մեկին չի առաջադրվել` «չնայած արդեն բարձրաձայնվել է, որ ժամկետային զինծառայողն ու բժիշկը դաժանաբար ծեծել են Աղասի Աբրահամյանին` հասցնելով մահվան»: