«Սուրիկի Լավաշ» ապրանքանիշով հաց արտադրող ընկերության սեփականատեր Սուրիկ Հակոբյանը պնդում է, որ իր որդիները` Արտուշ Հակոբյանն ու Անդրանիկ Հակոբյանը, ոչ մի կապ չունեն անցած շաբաթ հայտնաբերված բանդայի հետ:
Նախաքննական մարմնի պնդմամբ, հենց Արտուշ Հակոբյանն է վնասազերծված բանդայի պարագլուխը: Նրան երեկ արդեն մեղադրանք է ներկայացվել բանդիտիզմի եւ ավազակային հարձակման հոդվածներով:
Այսօր «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում «Սուրիկի լավաշի» սեփականատեր Սուրիկ Հակոբյանը հայտարարեց, որ փորձ է արվում իր ձեռքից խլել բիզնեսը, դրա համար էլ իր ընտանիքի անդամներին կալանավորում են: Նա տեղեկացրեց, որ ավագ որդուց` Արտուշ Հակոբյանից բացի, տարել են նաեւ մյուս որդուն` Անդրանիկին, ում երեկվանից հարցաքննում են։ Բացի այդ, արդեն 4 օր է` կանանց գաղութում է գտնվում նաեւ հարսը` Մարինա Գեորգաձեն, ով կալանավորված Արտուշ Հակոբյանի կինն է։ Սուրիկ Հակոբյանի խոսքով` անգամ իր 13 տարեկան թոռնիկին են տարել հարցաքննության:
Ոստիկանության փոխանցմամբ` բանդան վնասազերծվել էր սեպտեմբերի 23-ին, իսկ Արտուշ Հակոբյանը ռեստորանից բերման է ենթարկվել սեպտեմբերի 24-ի երեկոյան:
Սուրիկ Հակոբյանը, հերքելով որդուն ներկայացված մեղադրանքները, հարցնում է․ – «Եթե ինքը պարագլուխ էր, ինքը չէր կարող ներկա լիներ դատախազի ծնունդին։ Կամ իմ որդին ինչպե՞ս կարող էր չխուսափել, չփախչել, եթե իր ընկերներին արդեն կալանավորել էին, իրենց ասելով․․․ ինքը գնացել էր ծնունդ, այն էլ զենքով․․․ սուտ են ասում, հերյուրանք է։ Ես որ Գառնիում կարողանում եմ մի հարյուր հոգի մարդ աշխատեցնել՝ ուզում են խանգարել իմ աշխատանքը, ուրիշ ոչինչ»։