Մեծ աղմուկով վնասազերծված զինված բանդայի պարագլուխ Արտյուշա Հակոբյանին կալանավորելուց հետո հայտնի դարձավ, որ նրա կինը ևս ձերբակալվել է, ապա երկու ամսով կալանավորվել ու տեղափոխվել Աբովյանի կալանավայր, գրում է «Ժողովուրդ» թերթը` հղում կատարելով իր լավատեղյակ աղբյուրին: Ըստ լուրերի` վրացահայ Մարինա Հակոբյանը ոստիկանների կողմից իրենց տանը հայտնաբերված դեղերից մեկն իր «վրա է վերցրել», որպեսզի ամեն ինչ չբարդվի ամուսնու վրա:
Արտյուշա Հակոբյանի հայրը` Սուրեն Հակոբյանը, թերթի հետ զրույցում հաստատել է այդ լուրը` բացառությամբ հարսի կալանավորման պատճառի: Նա նշել է, թե չգիտի` ինչու են կալանավորել Մարինային:
Գառնու «Սուրիկի լավաշի» Սուրեն Հակոբյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Գառնու տարածքային կառույցի ղեկավարն է: Իսկ զինված բանդայի պարագլուխ Արտյուշան ընտրությունների ժամանակ Դաշնակցության ներկայացուցչի կողմից դանակահարվել է ԲՀԿ-ի օգտին աշխատելու համար: