ՀՀ զինված ուժերի բուժվարչությունը հասարակության որոշ շրջանակների հայտնի է որպես բանակից «ազատվելու» կարևորագույն օղակ, որտեղ որոշվում է` երիտասարդը պիտանի է ծառայության, թե ոչ: Այս մասին գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը` ներկայացնելով այս ոլորտում իրականացվող կեղծարարությունները, կապված, մասնավորապես, զինծառայողների համար նախատեսված դեղորայքի իրացման հետ:
«ՉԻ»-ի տեղեկություններով` բանակում հսկայական գումարներ են ծախսվում դեղորայքի և բուժծառայության ապահովման այլ միջոցների վրա: Այնուհետև թերթը ներկայացնում է զինված ուժերում բուժծառայության կառուցվածքը:
Այն բաղկացած է տարբեր օղակներից` առաջին օգնություն ցուցաբերող սանհրահանգիչների ինստիտուտից մինչև զինհոսպիտալներ, որոնցում զինծառայողներին տրվում է մասնագիտացված բուժօգնություն: Յուրաքանչյուր զորամաս ունի բուժկետ, որը զբաղվում է զորամասի անձնակազմի առողջության հարցերով: Զորամասի բուժկետերից վերև գտնվող օղակը հոսպիտալն է: Զորամասի բուժկետերը, հասկանալի պատճառներով, չեն կարող մասնագիտացված բուժօգնություն տրամադրել զինծառայողներին, և դրա անհրաժեշտությունն ունեցող զինվորները տեղափոխվում են հոսպիտալներ: Ուստի բնական է, որ զորամասային օղակի բժիշկները կարող են որոշակի հիվանդություններ բուժել, իսկ բարդ առողջական խնդիրներ ունեցող զինծառայողները բուժօգնությունը ստանում են հոսպիտալներում, և սա ամրագրված է նաև ինչպես բուժվարչության պետի, այնպես էլ ՊՆ և ՊԲ հրամանագրերով, գրում է օրաթերթը:
«Չի»-ին հասած լուրերի համաձայն, սակայն, զորամասային օղակներում շատ հաճախ կարելի է հայտնաբերել այնպիսի դեղորայք, որը նախատեսված է հոսպիտալներում բուժման ենթակա պաթոլոգիաների համար և որոնք, բնականաբար, չեն օգտագործվում զորամասի բուժկետի բժիշկների կողմից:
Թերթը նշում է, որ բուժկետում, մասնավորապես, կարելի է գտնել սիրտ-անոթային , լյարդի հիվանդությունների համար նախատեսված դեղորայք, ինչպես նաև թանկարժեք հակաբիոտիկներ:
«Թե զորամասային օղակում, որտեղ անհնարին է մասնագիտացված բուժօգնության ցուցաբերումը և առկա չեն ախտորոշման համար անհրաժեշտ սարքավորումներ, ինչո՞ւ է հայտնվում է նմանատիպ դեղորայք, որը չօգտագործվելով զորամասի բուժկետում, վերջիվերջո, սպառում է իր պիտանելիության ժամկետը ու հայտնվում աղբամանում: Կա, սակայն նաև երկրորդ տարբերակը, որը ևս լայնորեն կիրառվում է: Բանն այն է, որ բուժկետերի վրա դուրս գրված այդ դեղորայքը դուրս է բերվում զորամասերից և հայտնվում է քաղաքացիական դեղատներում`վաճառքի: Շահույթը`ինքներդ դատեք, թե ում գրպանն է գնում», եզրափակում է թերթը: