Երեկ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում սկսվել է ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանի որդուն` Միսակ Բալասանյանին պատկանող գարեջրի գործարանի անցակետի դիմաց այս տարվա փետրվարի 24-ին տեղի ունեցած արյունալի կռվի պատճառով հարուցված քրգործի դատաքննությունը, գրում է «Առավոտ» թերթը:
Կռիվը տեղի էր ունեցել փետրվարի 24-ին, ժամը 13.00-ին Բալասանյանի թիկնապահների և գարեջրի գործարանի բանվորներից մեկի` Ալբերտ Սահակյանի եղբայրների միջև, որն ավարտվել էր դանակարությամբ: Հիվանդանոցի ճանապարհին մահացել էր թիկնապահներից մեկը` Արթուր Առաքելյանը, մյուսը` Վարդան Ասատրյանը, որովայնի հատվածում ծանր վնասվածք էր ստացել:
Գործով մեղադրյալներ են ճանաչվել 5 մարդ, որոնցից 3-ը Սահակյան եղբայրներն են: Նրանցից ամենածանր մեղադրանքն առաջադրվել է 25-ամյա Արմեն Սահակյանին, ով և դանակահարել էր թիկնապահներին:
Թերթը նշում է, որ Ալբերտ Սահակյանը դատարանին տված ցուցմունքի համաձայն տեղի ունեցածի պատճառն այն է եղել, որ գարեջրի գործարանի տնօրինությունը իրենց 3 ամիս աշխատեցրել է` առանց աշխատավարձ տալու, իրենք էլ տրանսպորտի փող չեն ունեցել, հետևաբար և վրեժ լուծելու նպատակով լաբորատորիայի փականներն են գողացել ու հաջորդ օրը հետ վերադարձրել: Ըստ Արմեն Սահակյանի` թիկնապահներն իրեն ներս չեն թողել, կռիվ են սարքել, զենք հանել, որի պատճառով էլ ինքը դիմել է «ինքնապաշտպանական միջոցի»` թափահարել է դանակը: Արդյունքում մահացել է թիկնապահը: «Ես ինձ լիովին չեմ արդարացնում, արդար չեմ, բայց և չեմ ընդունում ներկայացված մեղադրանքները»,- հայտարարել է Արմեն Սահակյանը: